Նորություններ
Խորհրդակցություն՝ համայնքի ղեկավարների հետ
11.03.2020
Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանն այսօր խորհրդակցություն է անցկացրել մարզի համայնքների ղեկավարների հետ: Քննարկվել են 2020 թվականի սուբվենցիոն ծրագրերին վերաբերող, մարզը մաքուր պահելուն առնչվող և այլ հարցեր:
Մարզպետի առաջարկով՝ շաբաթ օրը՝ մարտի 14-ին, մարզում շաբաթօրյակ կիրականացվի:
«Հիմնական ուշադրությունը դարձնելու ենք Արարատի մարզով անցնող միջպետական, հանրապետական և մարզային նշանակության ճանապարհների հարակից տարածքների մաքրմանն ու պահպանմանը: Պետք է գիտակցենք՝ մեր մարզը, համայնքը, տարածքը մաքուր պահենք ամեն օր, ոչ թե սահմանափակվենք միայն շաբաթօրյակներով»,- համայնքի ղեկավարների հետ հանդիպմանն այսօր ասել է Գարիկ Սարգսյանը:
Մարզպետը հորդորել է նաև համայնքները մաքրել մեքենաների կարկասներից՝ հիշեցնելով, որ կան ընկերություններ, որոնք դաշտերից և տարբեր տեղերից հավաքում են թափքը:
Անդրադառնալով 2020 թվականի սուբվենցիոն ծրագրերին՝ Գարիկ Սարգսյանը նշել է, որ դրանց իրականացման ողջ ընթացքը լինելու է մարզպետարանի խիստ հսկողության տակ: Վերջինս կոչ է արել ամեն ինչ անել սրտացավ, օրենքի պահանջներով: Հիշեցնենք, որ Արարատի մարզից այս տարի ներկայացվել է 112 սուբվենցիոն հայտ: