Նորություններ
Կանխարգելիչ միջոցառումներ՝ Արտաշատում
19.03.2020
Կորոնավիրուսի (COVID-19) վարակի կանխարգելման միջոցառումների շրջանակներում Արտաշատ համայնքում իրականացվում են համապատասխան աշխատանքներ: Համայնքապետարանից տեղեկացնում են, որ համայնքի ղեկավարի որոշմամբ՝ ստեղծվել է արտակարգ իրավիճակներին արձագանքող մասնագիտական թիմ, իրականացվել են իրազեկման և կանխարգելիչ մի շարք գործողություններ:
Արտաշատի փողոցներում կատարվող քլորաջրով մաքրման աշխատանքներին զուգահեռ՝ այսօրվանից ախտահանման աշխատանքներ են մեկնարկել նաև բազմաբնակարան շենքերի տարածքներում. մաքրվում են շքամուտքերը, աստիճանավանդակները: Ախտահանման աշխատանքներ են ընթանում նաև քաղաքային կանգառների տարածքներում և բոլոր այն հնարավոր վայրերում, որտեղ եղել են մարդկային կուտակումներ: Քլորաջրով մաքրվում են նաև քաղաքում տեղադրված աղբարկղերը և դրանց հարակից տարածքները:
Եվս մեկ անգամ կոչ ենք անում պահպանել սանիտարահիգիենիկ կանոնները, լինել պատասխանատու սեփական անձի և շրջապատի նկատմամբ, պահպանել հանգստություն՝ հետևելով միայն պաշտոնական տեղեկատվությանը: