Նորություններ
Արարատի մարզում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասնում է մոտ 85-ի․ Գարիկ Սարգսյան
30.03.2020
Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանն այսօր Ֆեյսբուքի իր պաշտոնական էջում ներկայացրել է մարզում տիրող իրավիճակն ու կոչով դիմել քաղաքացիներին։
Մարզպետն ասել է․
• Արարատի մարզում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասնում է մոտ 85-ի։
• Այս պահին մարզում ունենք մի քանի թեժ օջախներ։ Հիմնականում Մասիսի տարածաշրջանի մեր համայնքներն են՝ կապված բոլորին հայտնի արտադրամասի դեպքի հետ։ Արտադրամասը գտնվում է Երևանում, բայց մեծ թվով աշխատակիցներ ունի մեր մարզից՝ Մասիսի և Արտաշատի տարածաշրջաններից։
• 13 դեպք արձանագրվել է Մասիս քաղաքում, 9-ը՝ Նոր Խարբերդում, 12-ը՝ Նոր Կյուրինում, 6-ը՝ Այնթապում, 2-ը՝ Հայանիստում, 1-ը՝ Դարակերտում, 1-ը՝ Արբաթում, 3-ը՝ Արտաշատ քաղաքում, 5-ը՝ Մխչյանում, 1-ը՝ Բուրաստանում, 6-ը՝ Ջրաշենում, 2-ը՝ Դիտակում, 2-ը՝ Դալարում, 1-ը՝ Դվինում, 6-ը՝ Վերին Դվինում, 1-ը՝ Այգեզարդում, 2-ը՝ Նորաշենում, 2-ը՝ Այգեպատում, 1-ը՝ Այգեստանում, 3-ը՝ Վեդիում, 1-ը՝ Դաշտաքարում, 1-ը՝ Փոքր Վեդիում, 1-ը՝ Լուսառատում, 1-ը՝ Տափերականում, 1-ը՝ Ոսկետափում։
• Մեր մի շարք քաղաքացիներ, խախտելով տեղաշարժման սահմանափակման պահանջները, վարչական պատասխանատվության են ենթարկվել։ Եղել են նաև մեկուսացված անձինք, որոնք նույնպես խախտել են այդ պահանջները, հաճախել աշխատանքի՝ վտանգելով թե՛ իրենց, թե՛ իրենց աշխատակից ընկերների առաջողությունը։
• Ինչպես գիտեք, նաև թոշակ ստանալու համար անհրաժեշտ չէ գնալ փոստային բաժանմունքներ, առաջիկա օրերին կբաժանվի թոշակը, փոստային աշխատակիցներն էլ անձամբ կբերեն այդ գումարը ձեզ։
• Սիրելի՛ քաղաքացիներ, մեր պահանջն է, որպեսզի մնաք տանը։ Մենք ցուցակագրել ենք և շարունակում ենք ցուցակագրել մեր այն հայրենակիցներին, ովքեր ֆինանսապես ծանր վիճակում են։ Ցանկերը կներկայացվեն կառավարություն՝ աջակցություն տալու համար։ Մնացեք տանը՝ պահպանելով ձեր և ձեր շրջապատի մարդկանց առողջությունը։
Մանրամասները՝ այստեղ։