Նորություններ
91-ամյա Ռոզա Մարտիրոսյանը դուրս գրվեց Արտաշատի բժշկական կենտրոնից
11.06.2020
Քիչ առաջ, Արտաշատի բժշկական կենտրոնից դուրս գրվեց կորոնավիրուսից բուժված 91-ամյա Ռոզա Մարտիրոսյանը: Նա իր երախտագիտությունը հայտնեց բժիշկներին և ասաց, որ իր նկատմամբ շատ ուշադիր են եղել և որ նման հոգատար բժշկություն ինքը ոչ մի տեղ չի տեսել: Նրան դուրս գրելուց Արտաշատի բժշկական կենտրոնի ընդունարանում ծաղիկներով դիմավորեցին Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը և բուժանձնակազմը՝ տնօրենի գլխավորությամբ:
Ռոզա Մարտիրոսյանն ունի 5 երեխա, 32 թոռ ու ծոռ: Ասում է, որ ժամանակին քույրական տեխնիկումում է սովորել և իր բնակավայրում՝ Նորոգավիթում ժամանակին շատերին է բժշակական օգնություն ցուցաբերել: Բացի դա, նաև դերձակի մասնագիտություն ունի և իրեն բուժող բիշկներից մեկին խոստացել է հագուստ կարել:
Իսկ թե ումից է կորոնավիրուսով վարակվել, Ռոզա Մարտիրոսյանը չգիտի, բայց նշում է, որ հարևանների մեջ վարակվածներ եղել են, նույնիսկ թոռն է վարակվել, որն իր հետ չի բնակվում:
Ռոզա Մարտիրոսյանը Արտաշատ բժշկական կենտրոնից դուրս գրվեց ներկաների ծափերի ներքո, իսկ հիվանդանոցի բակում նրան սպասում էին հարազատները: