Նորություններ
Մարզպետը շրջայց է կատարել Սիս, Մասիս, Դարբնիկ համայնքներում
07.08.2020
Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը համայնքային շարունակվող այցերի շրջանակում եղել է մարզի Սիս, Մասիս և Դարբնիկ համայնքներում: Սիսում և Մասիսում լայն թափով ընթանում են համայնքների տնտեսական և սոցիալական զարգացմանն ուղղված Կառավարության 2020 թվականի սուբվենցիոն ծրագրերով մեկնարկած աշխատանքները: Սիս համայնքում ասֆալտապատվում է կենտրոնական հրապարակն ու դրան հարող ճանապարհները:
Աշխատանքները, գրեթե, ավարտված են: Արդյունքում համայնքը կունենա ևս 1542 քառակուսի մետր բարեկարգված ճանապարհ: Սուբվենցիոն ծրագրի բյուջեն 14 միլիոն 732 հազար ՀՀ դրամ է, որից 45%-ը տրամադրում է ՀՀ կառավարությունը, 55 %-ը՝ համայնքը:
Մարզպետին ներկայացվել է, որ այս տարի համայնքային բյուջեով նախատեսում է հիմնանորոգել գյուղի ևս 9000 քառակուսի մետր տարածք, որի արդյունքում համայնքը մոտ 60% կլինի ասֆալտապատ: Ի դեպ, հիշեցնենք, որ 2019 թվականին Կառավարության ֆինանսավորմամբ (153,6 մլն դրամ) հիմնանորոգվել էր Սիսի՝ Հ12 մարզային նշանակության 2,4 կմ երկարությամբ ավտոճանապարհը:
Մասիս համայնքում էլ Գարիկ Սարգսյանը հետևել է մշակույթի տան հարակից տարածքի բարեկարգման և հիմնանորոգման աշխատանքներին: Համայնքում գործող նախկին այգին անբարեկարգ վիճակում էր և պարբերաբար վերածվում էր աղբանոցի:
Ծրագրի արժեքը կազմում է 12 100 000 ՀՀ դրամ, որից 70%-ը հատկացնում է համայնքը, 30%-ը՝ Կառավարությունը:
Գարիկ Սարգսյանը շինարարներին հորդորել է աշխատանքները կատարել բարեխիղճ և ավարտին հասցնել սահմանված ժամկետներում:
Մարզպետի վերջին կանգառը Դարբնիկ գյուղում էր, ուր վերջինս այցելել է ապրիլյան քառօրյա պատերազմին զոհված Ժորա Եսայանի անվամբ անվանակոչված միջնակարգ դպրոց, ծանոթացել կրթական օջախի շենքային պայմաններին: Գ. Սարգսյանը դպրոցի անձնակազմին և հերոս Ժորայի մորը տեղեկացրել է, որ, ինչպես խոստացվել էր, առաջիկայում կիրականացվի դպրոցի պատուհանների փոխարինման և ներքին հարդարման աշխատանքներ: