Նորություններ
«Արտաշատի» ԲԿ-ն անցել է իր բնականոն աշխատանքին
18.08.2020
«Արտաշատի» բժշկական կենտրոնն արդեն վերադարձել է իր բնականոն աշխատանքին: ԲԿ-ն մարտի 31-ից վերապրոֆիլավորվել էր ինֆեկցիոն հիվանդանոցի և սպասարկում էր կորոնավիրուսով վարակված հիվանդներին:
Բուժկենտրոնի աշխատանքներին ծանոթանալու համար Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանն այսօր այցելել է այնտեղ, հանդիպել բուժանձնակազմի հետ: Մարզպետը շնորհակալություն է հայտնել երկրի առաջ ծառացած այդ լրջագույն խնդիրը պատվով հաղթահարելու համար:
«Շնորհակալ եմ ուս ուսի տված պայքարելու համար: Իրողությունը ցույց տվեց, որ մեր առողջապահական համակարգը կարող է պայքարել բոլոր տեսակի վիրուսների դեմ, կարողանում ենք օպերատիվ արձագանքել, գտնել լուծումներ: Այս դժվարին ամիսներին հիվանդանոցի, Կառավարության, Առողջապահության նախարարության, ինչպես նաև մարզպետարանի ամենժամյա ակտիվ աշխատանքի շնորհիվ կարողացանք հաղթահարել դժվարին այս շրջանը: Եվ ես վստահ եմ՝ հետագայում ևս պատրաստ ենք դիմակայելու ցանկացած խնդրի»,- իր խոսքում ասել է մարզպետ Գարիկ Սարգսյանը:
Թիմին նվիրված ու եռանդուն աշխատանքի համար իր շնորհակալությունն է հայտնել նաև Կենտրոնի տնօրեն Հայկ Համբարձումյանը:
«Մեր ծանր ու դժվարին աշխատանքի ընթացքում մենք մշտապես զգում ենք Ձեր աջակցությունը, պարոն Սարգսյան, ինչը մեծապես օգնում է մեզ: Պատրաստ ենք այսուհետ ևս պատվով կատարելու մեր առաքելությունը»,- նշել է Հայկ Համբարձումյանը:
Նշենք, որ իր բնականոն աշխատանքին անցնելուց առաջ հիվանդանոցն ամբողջությամբ ախտահանվել է, ամենայն խստությամբ իրականացվում են հակահամաճարակային բոլոր միջոցառումները: Բուժկենտրոնի առանձին մասնաշենքում գործում է մեկուսարան, որտեղ ժամանակավորապես կպահվեն կորոնավիրուսի առաջին ախտանիշներ ունեցող քաղաքացիները: