Նորություններ
Գեղանիստում մեկնարկել են սուբվենցիոն ծրագրով իրականացվող աշխատանքները
11.09.2020
Արարատի մարզի Գեղանիստ համայնքում մեկնարկել են 13-րդ փողոցի ասֆալտապատման, ինչպես նաև ոռոգման համակարգի կառուցման աշխատանքները, որոնք իրականացվում են համայնքների տնտեսական և սոցիալական զարգացմանն ուղղված Կառավարության 2020 թվականի սուբվենցիոն ծրագրերով:
Համայնքի 13-րդ փողոցը վերջին անգամ բարեկարգվել էր խորհրդային տարիներին: Ծրագիրն իրականացնող «Արհովշին» ընկերությունն այս պահին իրականացնում է հողային աշխատանքներ: Ընդհանուր կասֆալտապատվի 3029 քառակուսի մետր ճանապարհահատված:
Բյուջեն կազմում է 28 միլիոն 800 հազար ՀՀ դրամ, որից 45%-ը հատկացնում է Կառավարությունը, 55%-ը՝ համայնքը: Ճանապարհը շահագործման կհանձնվի սեպտեմբերի վերջին:
Ակտիվ փուլում են նաև ոռոգման համակարգի կառուցման աշխատանքները:
Կառուցվում են 400 մետր երկարությամբ բետոնե առուներ, որի արդյունքում ջուրն անխափան կհասնի ոռոգելի տարածքներ, կվերանա նաև ջրի կորուստը: Համայնքն ընդհանուր ունի 130 հա ոռոգելի տարածքներ, համակարգի կառուցմամբ Գեղանիստում ոռոգման խնդիրը շուրջ 90%-ով լուծվում է:
Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 24 մլն ՀՀ դրամ, որից ՀՀ պետական բյուջեից տրամադրվող սուբվենցիայի չափաբաժինը կազմում է 55%, իսկ համայնքի մասնակցությունը՝ 45%: