Նորություններ
Հիմնանորոգվում է Արբաթ համայնքի ճանապարհը
12.11.2020
Արբաթ համայնքի բնակիչների՝ երկար սպասված ցանկությունն այսօր իրականություն է դառնում: Մեկնարկել և լայն թափով ընթանում են համայնքի՝ երկար տարիներ անմխիթար վիճակում գտնվող փողոցի (1,2 կմ) հիմնանորոգման աշխատանքները:
Կարևոր այս ծրագիրը կյանքի է կոչվում ՀՀ պետական բյուջեի միջոցներով։ Իրականացվելիք աշխատանքները ներառում են գոյություն ունեցող հիմքի քանդում և նոր ենթահիմքի կառուցում, առուների մաքրում, ասֆալտբետոնե շերտի տեղադրում:
Ծրագիրն իրականացնող «Խաչհար» շինարարական ընկերության պատասխանատուները վստահեցնում են՝ ամեն ինչ իրականացվում է շինարարական նորմերին համապատասխան, ճանապարհն էլ շահագործման կհանձնվի առաջիկա ամսվա ընթացքում:
Համայնքի բնակիչներն ամեն օր՝ ճանապարհաշինության աշխատանքների սկսվելուն պես, դուրս են գալիս փողոց՝ հետևելու աշխատանքների ընթացքին, անհամբեր են՝ երբ են վերջապես ունենալու բարեկեցիկ ճանապարհ: