Նորություններ
Մարզպետն ընդունել է օլիմպիադայի հաղթողներին
30.12.2020
Արարատի մարզպետարանում մարզպետ Ռազմիկ Թևոնյանը ընդունել է դպրոցականների 2019-2020 ուստարվա առարկայական օլիմպիադայի հաղթողներին:
Մարզպետը նախ շնորհավորել է աշակերտներին օլիմպիադայում ցուցաբերած գերազանց արդյունքների առթիվ, ապա իր անունից պատվոգրեր և շնորհակալագրեր է հանձնել նրանց:
«Սիրելի՛ աշակերտներ, թող 2021 թվականը Ձեզ համար ուսման մեջ այսպիսի ու սրանից ավելի մեծ հաջողությունների, նոր գիտելիքներ ձեռքբերելու և կրթական մակարդակն ավելի ու ավելի զարգացնելու տարի լինի: Դուք եք մեր ապագա բժիշկներն ու մանկավարժները, ֆիզիկոսներն ու լեզվաբանները, մաթեմատիկոսները, ինժեներներն ու գիտնականները, զինվորներն ու սպաները… Ձեր շնորհիվ մենք պետք է ունենանք ամուր և հզոր բանակ, զարգացած տնտեսություն և հասարակություն, իր ապագան հաստատուն քայլերով կերտող պետություն, Հայաստան երկիրն ավելի ճանաչելի դարձնենք աշխարհին ու մարդկությանը:
Շնորհավորում եմ Ձեզ և մաղթում ուժեղ կամք, համառություն և նպատակասլացություն՝ նոր գիտելիքներ նվաճելու ճանապարհին»,- իր ելույթում շեշտեց մարզպետ Թևոնյանը:
Մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետի պաշտոնակատար Հասմիկ Գասպարյանն էլ իր հերթին շնորհավորեց աշակերտներին ու շնորհակալություն հայտնեց նրանց ծնողներին ու ուսուցիչներին՝ խելացի , բանիմաց ու շնորհալի սերունդ մեծացնելու համար:
«Հարգելի ծնողներ, հարգելի ուսուցիչներ, սիրելի աշակերտներ, հուսով ենք, որ նոր ուսումնական տարին նոր հաղթանակներ ու ավելի մեծ ձեռքբերումներ կպարգևի թե՛ մեր մարզին, թե՛ Հայաստանի Հանրապետությանը: Շնորհակալ ենք, որ Ձեր ավանդն եք ունենում մեր երեխաներին կրթելու ու դաստիարակելու դժվարին, բայց միևնույն ժամանակ անչափ պատասխանատու և կարևոր գործում: Գիտելիքն ու միայն գիտելիքն է հզոր և զարգացած պետություն ունենալու հիմնական գրավականը: Ուստի նույն ոգով և ավելի մեծ եռանդով միասին շարունակենք սկսած աշխատանքը»,- ընդգծեց Հասմիկ Գասպարյանը:
Նշենք, որ օլիմպիադայի դպրոցական փուլին 16 առարկաներից մասնակցել էր շուրջ ութ հազար աշակերտ: Տարածքային փուլն անցկացվել էր միայն հումանիտար առարկաներից, որին մասնակցել էր 1209 աշակերտ: Մարզային փուլին մասնակցել էր 416 աշակերտ, որից 75-ն երաշխավորվել էր հանրապետական փուլին, իսկ արդեն հանրապետական փուլի արդյունքներով 21 աշակերտ արժանացել էր դիպլոմների ու գովասանագրերի:
1-ին, 2-րդ և 3-րդ կարգի դիպլոմների էր արժանացել 9 աշակերտ, իսկ գովասանագրերի՝ 12:
Լավ արդյունքներ են արձանագրել մարզի Մասիս և Վեդի քաղաքների,ինչպես նաև Մարմարաշեն, Դիմիտրով և Բյուրավան համայնքների դպրոցների աշակերտները: Գոհացուցիչ են արդյունքները հատկապես օտար լեզուներից, պատմությունից, հայոց լեզու և գրականություն առարկաներից:
Օլիմպիադայի հանրապետական փուլին դիպլոմների արժանացած մասնակիցները Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից ստանալու են մեկ տարվա կրթաթոշակ: