Նորություններ
Ամփոփվել են ՀՀ ԱԻՆ Արարատի մարզային ծառայությունների 2020 թվականի աշխատանքները
20.01.2021
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Արարատի մարզային ծառայությունների 2020 թվականի գործունեության ամփոփման նպատակով այսօր մարզպետարանում կայացել է աշխատանքային խորհրդակցություն, որը վարել է Արարատի մարզպետ Ռազմիկ Թևոնյանը: Խորհրդակցությանը ներկա է եղել ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանը, ինչպես նաև ՀՀ ազգային անվտանգության և ոստիկանության մարզային կառույցների ղեկավարները, ՀՀ ԱԻՆ ենթակայությամբ գործող տարածքային ծառայությունների պատասխանատուները, մարզպետարանի ներկայացուցիչներ, համայնքների ղեկավարներ:
Ողջունելով ներկաներին՝ մարզպետ Թևոնյանն իր ելույթում նշեց.
«Նախորդ տարին բարդագույնն էր իր մարտահրավերներով, մեր ժողովրդի ու երկրի առջև ծառացած խնդիրներով. ամբողջ աշխարհին պատուհասած համավարակն ու Արցախյան երկրորդ պատերազմը ևս մեկ անգամ փաստեցին համախմբվելու, մեկտեղվելու և միմիայն միասնական ուժերով առողջ ու մրցունակ երկիր կառուցելու հանգամանքը: Իսկ երկրի հզորացման, դրանից բխող առողջ հասարակություն ունենալու, արտակարգ իրավիճակներում բնակչության արդյունավետ պաշտպանությունն ապահովելու և կանխարգելիչ միջոցառումների իրականացումը պետք է լինի յուրաքանչյուրիս ամենօրյա աշխատանքը: Ահա թե ինչու բնակչության պաշտպանության և քաղաքացիական պաշտպանության ոլորտներում խիստ կարևոր է պետական ու համայնքային մարմինների, մասնավոր հատվածի համագործակցված և համակարգված աշխատանքը»:
Այնուհետ ներկայացնելով նաև քննարկման օրակարգը՝ մարզպետը խոսքը տրամադրեց ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության Արարատի մարզային վարչության պետ, փ/ծ գնդապետ Վարդան Հովսեփյանին: Վերջինս իր զեկույցում ներկայացրեց 2020 թ-ի ընթացքում մարզում իրականացված աշխատանքները, խնդիրները, ինչպես նաև լուծումներ առաջարկեց դրանց ուղղությամբ: Խոսելով նաև ազդարարման և քաղաքացիական պաշտպանության համակարգի նախապատրաստական աշխատանքների մասին՝ զեկուցողը կարևորեց մարզպետարանի և համայնքների սերտ համագործակցությունը մարզային ստորաբաժանման հետ:
Ամփոփելով իր ելույթը՝ Վարդան Հովսեփյանը ընդգծեց նաև, որ Արարատի մարզը փրկարար ծառայության ոլորտում հանրապետության առաջատարներից է, որի կապակցությամբ նա շնորհակալություն հայտնեց մարզպետին և ընդգծեց մարզպետարանի աջակցության կարևորությունն աշխատանքների կազմակերպման հարցում:
Խորհրդակցության ժամանակ զեկույցով հանդես եկավ նաև մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ, մարզային քաղպաշտպանության ինժեներական ծառայության պետ Լևոն Գրիգորյանը: Նրա խոսքով՝ մեր ազգաբնակչության մեջ պետք է ներդնել և զարգացնել քաղպաշտպանության մշակույթը, քանի որ Հայաստանը համարվում է պատերազմող երկիր:
«Որպես ռազմական իրավիճակում գտնվող պետություն, պետք է կարևորենք հանրապետական, մարզային, համայնքային, օբյեկտային քաղպաշտպանության ծառայությունների համատեղ աշխատանքը:
Քաղպաշտպանության մարզային կառույցները՝ մարզպետարանը և ԱԻՆ մարզային վարչությունը, պատերազմից առաջ, ընթացքում և հետո, ելնելով օրենքի շրջանակներից, ինժեներական ոլորտում արել են առավելագույնը, ստեղծվել է տեղեկատվական բազա և պատերազմի ընթացքում ամենօրյա ռեժիմով ուսումնասիրվել են մարզում առկա պատսպարանները»,- տեղեկացրեց Լևոն Գրիգորյանն ու միևնույն ժամանակ հավելեց, որ մարզպետարանի ինժեներական ծառայությունը ռազմական դրության ժամանակ վերանայել է նաև քաղաքացիական պաշտպանության ինժեներական կազմավորումները:
Անդրադառնալով նախորդ տարվա ընթացքում ծավալված աշխատանքների արդյունքներին և ամփոփելով աշխատանքային խորհրդակցությունը՝ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանն էլ իր հերթին կարևորեց բնակչության շրջանում ազդարարման, տարհանման և պատսպարման հիմնախնդիրները:
«Այս հարցերի հետ կապված ես խնդիր եմ դրել արտակարգ իրավիճակների մարզային կառույցների ղեկավարների առջև, որպեսզի համագործակցելով տարածքային կառավարման մարմինների հետ՝ պարբերաբար անցկացվեն ցուցադրական և գործնական պարապմունքներ: Քաղաքացիները պետք է պատշաճ կերպով իրազեկված լինեն քաղպաշտպանության իրականացման ձևերի մասին, ինչպես նաև նրանց հետ ուսուցողական աշխատանքներ տարվեն, արմատապես փոխվեն քաղաքացիական պաշտպանության պլանները, քանի որ պատերազմող երկրում առաջնահերթություններից մեկը թիկունքային աշխատանքների ճիշտ կազմակերպումն է, ամուր և ապահով թիկունք ունենալը: Հետևաբար, հարգելի´ գործընկերներ, կխնդրեմ յուրաքանչյուրս մեր գործում լինենք պատասխանատու և հետևողական»,-շեշտեց նախարար Անդրանիկ Փիլոյանը:
Եզրափակելով խոսքը՝ նախարարը նաև շնորհակալություն հայտնեց մարզպետ Ռազմիկ Թևոնյանին արդյունավետ համագործակցության համար՝ ակնկալիքով, որ առաջիկայում համատեղ ջանքերով ավելի լավ արդյունքներ կարձանագրվեն: