Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Արցախի նախագահն ու մարզպետ Ռազմիկ Թևոնյանը մասնակցել են զոհված հերոսների հիշատակին նվիրված հուշարձանի բացման արարողությանը

27.01.2021

Այսօր Արարատի մարզի Վեդի քաղաքում տեղի ունեցավ Արցախյան պատերազմներում զոհվածների հիշատակին նվիրված հուշարձանի բացման արարողությունը, որին ներկա էին Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն ու Արարատի մարզպետ Ռազմիկ Թևոնյանը, ինչպես նաև զոհված զինծառայողների ընտանիքի անդամներ, հարազատներ ու ծառայակից ընկերներ, ազատամարտիկներ, Վեդիի քաղաքային իշխանության ներկայացուցիչներ, համայնքների ղեկավարներ, մարզի բնակիչներ:

Միջոցառման մեկնարկը տրվեց Հայաստանի Հանրապետության հիմնով, այնուհետ ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին զոհվածների հիշատակը:

Բացման խոսքով հանդես եկավ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը: Վերջինս իր ելույթում շեշտեց.

«Ուզում եմ գլուխ խոնարհել զոհվածների հարազատների, նրանց ընտանիքի անդամների առջև: Վերքերը շատ թարմ են՝ ունենք անհետ կորածներ, բայց մյուս կողմից չենք կարող մոռանալ այն հերոսությունները, որոնք կատարել են մեր զինվորները, հրամանատարներն ու կամավորականները:

Բոլորն են հերոս, բայց ես չեմ կարող չառանձնացնել Արցախի պաշտպանության բանակի լավագույն գումարտակի հրամանատարին՝ Դավիթ Վանիկի Ղազարյանին, որն արժանացել է Արցախի հերոսի կոչման: Նա ունենալով նորակոչիկների գումարտակ՝ գտնվել է ամենածանր մարտական ուղղությունում, որը եղել է հակառակորդի գլխավոր հարվածի ուղղությունը, բայց շնորհիվ Դավիթ Ղազարյանի և իր հերոսական գումարտակի, հակառակորդին չհաջողվեց իրականացնել իր պլանը» :

Արցախի հերոս կոչմանն արժանացած Դավիթ Ղազարյանը ծնունդով Արարատի մարզի Վեդի քաղաքացի էր: Անհավասար մարտում գումարտակի հրամանատարը հերոսաբար է ընկել՝ կանխելով թշնամու հարձակումն ու փրկելով նորակոչիկների կյանքը: Դավիթ Ղազարյանից բացի հայրենիքի փրկության համար իրենց կյանքն են զոհել նաև Վեդի քաղաքից Դավիթ Մանուկյանը, Արտյոմ Մալխասյանը, Գառնիկ Մալխասյանը, Մաքսիմ Սահակյանը, Մարտին Ավթանդիլյանը, Արման Թոփչյանը և այլ հերոսներ:

Ողջունելով ներկաներին՝ Արարատի մարզպետ Ռազմիկ Թևոնյանն էլ իր հերթին նախ շնորհակալություն հայտնեց նրանց այսօրվա միջոցառմանը ներկա գտնվելու համար, ապա իր ելույթում նշեց, որ պետք է միշտ վառ պահել ընկած հերոսների հիշատակը:

«Այսօր բոլորիս համար կարևոր օր է. կարևոր է, որովհետև վաղը՝ հունվարի 28-ին կլրանա Հայաստանի Հանրապետության Զինված Ուժերի, մեր փառապանծ բանակի կազմավորման 29-րդ տարեդարձը: Տոն, որը մեր պետական տոնացույցում ամենակարևորներից մեկն է:

Այսօրը կարևոր է նաև նրանով, որ մեկ անգամ ևս խորհելու առիթ ունենք, քանի որ այս պահին բոլորս համակված ենք տարբեր զգացումներով. մի կողմից՝ կա թախիծ և տխրություն, որովհետև հիշում ենք մեր նահատակված ընկերներին, մեր անձնազոհ զավակներին, մյուս կողմից՝ մենք լի ենք հպարտությամբ, որ ունենք այդպիսի հերոս մարտիկներ, որոնց կերպարը միշտ կենդանի է մեր սրտերում:

Փա՛ռք ու պատիվ հայրենիքի համար իրենց կյանքը զոհած մեր բոլոր մարտիկներին: Նրանք մեկ անգամ ևս հաստատել են այն իրողությունը, որ պետք է ամեն ինչ անենք մեր հայրենիքի սահմաններն ամուր պահելու համար»,- ընդգծեց մարզպետը:

Տերունական աղոթքից հետո միջոցառման մասնակիցները ծաղիկներ խոնարհեցին հայրենիքին իրենց կյանքը նվիրաբերած հերոսների հիշատակի պատվին տեղադրված հուշարձանի մոտ:

Միջոցառումը կազմակերպվել և հուշարձանը տեղադրվել էր «Վեդու քաղաքացիական նախաձեռնություն» կազմակերպության կողմից:

 

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 18:19:20