Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Մարզպետ Ռազմիկ Թևոնյանի շնորհավորական ուղերձը Բանակի օրվա կապակցությամբ

28.01.2021

Սիրելի՛ հայրենակիցներ

Սրտանց շնորհավորում եմ բոլորիս Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի կազմավորման 29-ամյակի կապակցությամբ:

Սա մեր պետական տոնացույցի ամենակարևոր, ամենանվիրական և փառապանծ տոներից մեկն է:

Բանակի օրն այն տոնն է, որի առթիվ հնչող շնորհավորանքների հասցեատերը հայ ժողովուրդն է: Մեր ժողովուրդը ձևավորել է մեր բանակը և ապացուցել նրա գոյության իրավունքն ոչ միայն թղթի վրա, այլ նաև կռվի դաշտում:

Մեր 29 տարեկան բանակը ծնվել և թրծվել է մեր գոյապահպանման պայքարի բովում, այն ծնվել է որպես հայ ժողովրդի ազատ ու անկախ լինելու կամք, որպես հայ ժողովրդի հույսերի, նպատակների, խաղաղ երկնքի տակ ապրելու ու արարելու գրավական:

Այսօր` մեր բանակի օրը, մեծ տոն է, և առիթ` հիշելու նրանց, ովքեր Արցախի և Հայաստանի սահմանների պաշտպանությունը կազմակերպել և իրականացրել են անհավանական թվացող սխրագործությունների գնով՝ դառնալով օրինակ և չափանիշ հետագա սերունդների համար այնպես, ինչպես նրանց համար օրինակ ու չափանիշ են եղել Եռաբլուրում ամփոփված իրենց հայրերն ու պապերը:

Մենք խոնարհվում ենք նրանց հիշատակի առջև, ովքեր մեզ պարտադրված պատերազմներում չեն խնայել անգամ իրենց բացարձակ իրավունքը՝ կյանքը, կյանքը՝ հանուն մայր հողի, հանուն հայ ժողովրդի շարունակականության:

Այդ ահեղ օրերին հանուն հայրենիքի նահատակվել են մեր լավագույն ընկերներն ու զավակները, ովքեր այսօր արդեն երկնքից են հսկում մեր անդորրը:

Փա՛ռք հայրենիքի համար զոհված անմահներին:

Մեր ժողովուրդն իր դարավոր կենսագրությամբ՝ շատ է տեսել նենգ ու դավադիր թշնամի, շատ է տեսել փորձություն, տառապանք ու արհավիրք, սակայն այդ ամենից փյունիկի նման հառնելու և նոր կյանք սկսելու հնարավորություն է նրանց տվել հայ ֆիդային, կամավորականը, զինվորը, սպան ու թիկունքում իր աշխատանքն անողը:

Մեր Զինված ուժերը, մեր բանակն է ահա՛ մեր երկրի շնչառությունը. դա հրամանատարական, շտաբային, թիկունքային, հետախուզական ու մատակարարման մի ահռելի աշխատանք է, որը չի կարող դադարել ոչ մի վայրկյան, ինչպես չի կարող դադարել շնչառությունը՝ քնած լինենք, թե արթուն:

Անշո՛ւշտ, կասկածից վեր է, որ պետք է շտկենք մեր թերություններն ու սխալները, դասեր քաղենք անցյալից ու անդադար աշխատենք, որպեսզի մեր բանակը շարունակի աճել ու հզորանալ, շարունակի լինել սեփական ուժերով թշնամուն խաղաղություն պարտադրողը, այլ ոչ թե պատերազմների ժամանակ ահաբեկչական խմբավորումների օգնությանը դիմողը:

Վստահ ենք, որ մեր բանակի սպաներն ու զինվորները պատրաստ են պատվով կատարել ցանկացած մարտական խնդիր և ապահովել մեր երկրի խաղաղությունը: Ուստի, խոնարհվում ենք նաև մեր զինծառայողների ծնողների առջև, ովքեր նման քաջարի ու անձնվեր զավակներ են ծնել ու դաստիարակել:

Սիրելի՛ հայրենակիցներ, մեր բանակի շարքերում քիչ չեն նաև Արարատի մարզի զավակները: Նրանք պատվով են կրում զինվորի վեհ կոչումը: Դիմելով նրանց և Հայոց բանակի բոլոր ծառայողներին, Զինված ուժերի հրամանատարասպայական կազմի ներկայացուցիչներին՝ ընդգծելով բոլորի անգնահատելի դերը մեր երկրի սահմանների պաշտպանության, մեր անկախ պետականության հաստատունության, մեզնից յուրաքանչյուրին խաղաղ երկինք պարգևելու գործում՝ Արարատի ազգաբնակչության և իմ անունից մաղթում եմ անփորձանք ծառայություն, երջանկություն ու բարօրություն բոլորի օջախներին:

Շնորհավոր տոնդ, Հայո՛ց բանակ:

Փա՛ռք Հայաստանի Զինված ուժերին,
Կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը,
Կեցցե՛ Արցախի Հանրապետությունը:

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 18:19:20