Նորություններ
Վարչապետի գլխավորությամբ Արարատի մարզպետարանում տեղի ունեցած խորհրդակցությանը քննարկվել են 2020 թ-ի արդյունքներն ու առաջիկայում նախատեսվող ծրագրերը
03.02.2021
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Արարատի մարզ՝ ընթացիկ և առաջիկա ծրագրերը քննարկելու նպատակով: Մարզպետարանում կայացած խորհրդակցությանը մասնակցել են նաև Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը, վարչապետի աշխատակազմի ղեկավար Արսեն Թորոսյանը, Արարատի մարզպետ Ռազմիկ Թևոնյանը, փոխմարզպետները, Դատախազության, Քննչական կոմիտեի, Ոստիկանության, մարզային վարչությունների, Զինված ուժերի համապատասխան ստորաբաժանման ղեկավարները և պաշտոնատար այլ անձինք:
Վարչապետը նշել է, որ նման աշխատանքային հանդիպումներ ու քննարկումներ կլինեն բոլոր նախարարություններում, գերատեսչություններում և մարզպետարաններում՝ աշխատանքն ամփոփելու և առաջիկա անելիքները գնահատելու համար:
«Իհարկե, Արարատի մարզն առաջին հերթին գյուղատնտեսական գործունեության միջավայր է, և մենք առաջիկայում պետք է նաև գարնան գյուղատնտեսական նախապատրաստական աշխատանքներ իրականացնենք, այսօր նաև այդ թեման կքննարկենք: Իհարկե, նաև բիզնես միջավայրի զարգացման հետ կապված խնդիրներն են մեր օրակարգում, սոցիալ-տնտեսական, իրավակարգի և անվտանգության ապահովման հարցերը, և մենք այս բոլոր հարցերով կունենանք քննարկում, կտանք համապատասխան հանձնարարականներ և կամփոփենք այս պահին եղած արդյունքները: Նաև կգնահատենք, թե ինչ առաջնային մարտահրավերներ և խնդիրներ ունենք, որոնցով պետք է զբաղվել»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:
Արարատի մարզպետը և փոխմարզպետներն անդրադարձել են նախորդ տարվա ընթացքում մարզում արձանագրված արդյունքներին՝ նշելով, որ պայմանավորված կորոնավիրուսային պանդեմիայով ու պատերազմով՝ գյուղմթերքների արտադրության ծավալները փոքր-ինչ նվազում են արձանագրել, սակայն օրինակ՝ խաղողի ու բանջարեղենային կուլտուրաների արտադրությունն աճել է: Նշվել է, որ մարզում գյուղնշանակության հողատարածքների թիվը կազմում է 156 հազար հեկտար, որոնց թվում են նաև արոտավայրերը: Մշակվող հողատարածքների թիվը հասնում է 42 հազարի:
Այս համատատեքստում, վարչապետը կարևորել է մշակվող հողատարածքների ավելացման ուղղությամբ հետևողական քայլերի իրականացումը՝ նշելով, որ կառավարությունը տարբեր միջոցառումներով, սուբսիդավորվող ծրագրերով շարունակելու է գյուղոլորտի խրախուսմանն ուղղված քայլերը: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է ժամանակակից այգիների, ջերմոցային տնտեսությունների, ֆերմաների հիմնման համար իրականացվող ծրագրերի արդյունավետության բարձրացման անհրաժեշտությունը և պատասխանատուներին հանձնարարել մոնիթորինգի միջոցով գնահատել խնդիրներն ու առաջարկել դրանց լուծման տարբերակներ: Կառավարության ղեկավարը նշել է, որ պետությունը շարունակելու է նաև ներդրումային ծրագրերի իրականացման համար առավել բարենպաստ պայմանների ապահովման քայլերը, ըստ անհրաժեշտության իրականացնելով կոնկրետ օրենսդրական, իսկ ծրագրերում՝ բովանդակային փոփոխություններ:
Տեղեկացվել է, որ 2020 թվականին մարզում իրականացվել է 2,5 մլրդ դրամի 73 սուբվենցիոն ծրագիր, որից կառավարության համաֆինանսավորումը կազմել է 1,3 մլրդ դրամ: Բոլոր ծրագրերի արդյունավետությունն ապահովելու նպատակով իրականացվել է հետևողական վերահսկողություն: 2021 թ-ի առաջին ամսվա ընթացքում Արարատի մարզից արդեն իսկ ստացվել է 5 սուբվենցիոն ծրագրի հայտ:
Խորհրդակցության ընթացքում քննարկվել են նաև գարնան գյուղատնտեսական աշխատանքների նախապատրաստությանը, շինարարության, կրթության և այլ ոլորտներում առկա խնդիրներին ու լուծման հնարավորություններին վերաբերող հարցեր:
ԶՈՒ ներկայացուցիչը զեկուցել է, որ Արարատի մարզի սահմանային օպերատիվ իրավիճակը հանգիստ է և գտնվում է հայկական ուժերի լիարժեք վերահսկողության ներքո: Զեկույցներով հանդես են եկել նաև Դատախազության, Քննչական կոմիտեի և Ոստիկանության մարզային վարչությունների ղեկավարները՝ ներկայացնելով իրավակարգի ապահովմանն ուղղված աշխատանքների ընթացքը:
Խորհրդակցությունից հետո վարչապետ Փաշինյանը շրջել է Արտաշատում, զրուցել քաղաքացիների հետ, ծանոթացել նրանց խնդիրներին ու պատասխանել տարբեր հարցերի: