Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Մարզպետը ճանապարհել է մարզի նորակոչիկներին

08.02.2021

Այսօր մարզկենտրոն Արտաշատում տեղի ունեցավ 2020 թվականի ձմեռային զորակոչին Արարատի մարզից զինծառայության մեկնող նորակոչիկների ճանապարհման  արարողությունը, որին մասնակցում էր Արարատի մարզպետ, մարզային զորակոչային հանձնաժողովի նախագահ Ռազմիկ Թևոնյանը: Ներկա էին նաև Հայ առաքելական եկեղեցու Արտաշատի Սուրբ Հովհաննես եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Թաթուլ քահանա Գասպարյանը, Պաշտպանության նախարարության և Զինված Ուժերի, ինչպես նաև տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ:

Ներկաները նախ մեկ րոպե լռությամբ հարգեցին Արցախյան պատերազմներում զոհվածների հիշատակը, այնուհետ Տեր Թաթուլ քահանա Գասպարյանի մատուցմամբ՝ հնչեց տերունական աղոթքը:

Ներկաներին ողջունեց և նորակոչիկներին իր բարեմաղթանքի խոսքը հղեց մարզպետ Ռազմիկ Թևոնյանը՝ մասնավորապես նշելով.
«Սիրելի նորակոչիկներ, ձեզ բարի ճանապարհ եմ մաղթում դեպի նոր կյանք, դեպի Հայաստանի Հանրապետության Զինված Ուժեր: Մեկ րոպե անգամ չեմ կասկածում, որ դուք, որպես զինվորներ, որպես ապագա սպաներ՝ պատվով և ամենայն պատասխանատվությամբ կկատարեք ձեր առջև դրված ցանկացած առաջադրանք: Ձեր ծառայության երկու տարվա ընթացքում այսուհետ դուք եք ստանձնելու հայրենիքի պաշտպանի դերն ու անսասան պահելու մեր երկրի դարպասները:

2020 թ-ի պատերազմից հետո ինձ համար, թերևս, ամենաերջանիկ օրն է սա՝ տեսնելով ձեզ այստեղ՝ առողջ ու պինդ կանգնած: Ամենակարևորը՝ թող ձեր ծառայությունն անցնի խաղաղության պայմաններում, իսկ բանակային տարիներն էլ նպաստեն ձեր ռազմական գիտելիքների ու հմտությունների հարստացմանը:

Մեր նորակոչիկների հարգարժան ծնողներ, ձեզ էլ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել՝ ձեր զավակների մեջ հայրենասիրություն սերմանելու համար: Այստեղ կանգնած մեր նորակոչիկների ու այս պահին էլ մեր սահմանները հսկող զինվորների անունից ձեզ վստահաբար ասում եմ՝ հանգիստ քնեք, հանգիստ աշխատեք ու արարեք, որովհետև բոլորիս նպատակը մեկն է՝ ուժեղ և ամուր հայրենիք ունենալը: Համբերություն և տոկունություն ձեզ»:

ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության Արարատի մարզի տարածքային ստորաբաժանման պետ, փոխգնդապետ Արմեն Հովսեփյանն էլ իր հերթին բարի ծառայություն մաղթելով նորակոչիկներին՝ ասաց.
«Բոլորս սպասելու ենք ձեր վերադարձին՝ հենց այս նույն կազմով, որով մեկնում եք. բանակը յուրաքանչյուր հայ երիտասարդի կյանքում ամենակարևոր և անհրաժեշտ դպրոցներից մեկն է, որովհետև տղա գնում եք, տղամարդ հետ վերադառնում: Բարի և անփորձանք ծառայություն ձեզ, տղե՛րք ջան»:

Այնուհետ նորակոչիկները հրաժեշտ տալով ծնողներին, բարձր տրամադրությամբ մեկնեցին ծառայության:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 18:19:20