Նորություններ
«Փառքի արահետով». հուշ-ցերեկույթ ՝ ի հիշատակ Արալեզ համայնքի անմահացած հերոսների
15.02.2021
Փետրվարի 12-ին Արարատի մարզի Արալեզ համայնքում տեղի ունեցավ «Փառքի արահետով» խորագիրը կրող հուշ-ցերեկույթ՝ նվիրված Արցախյան երրորդ գոյամարտում Արալեզ համայնքից անմահացած յոթ հերոսներ՝ Զաքար Սերոբյանի, Նոյ Թևոնյանի, Սերոբ Իսրոյանի, Մհեր Խաչատրյանի, Արամ Թևոնյանի, Արամ և Ժորա Արզումանյանների հիշատակին:
Միջոցառմանը ներկա էին Արարատի մարզպետ Ռազմիկ Թևոնյանը, Ազգային Ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սեդրակ Թևոնյանը, Ոստիկանության Արարատի մարզային վարչության պետ, ոստիկանության գնդապետ Կամո Ցուցուլյանը, ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության Արարատի մարզի տարածքային ստորաբաժանման պետ, փոխգնդապետ Արմեն Հովսեփյանը, Ռազմական ոստիկանության ներկայացուցիչներ, զոհված զինծառայողների ընտանիքի անդամներն ու հարազատները, համայնքապետեր և այլք:
Մինչ միջոցառման մեկնարկը ներկաներն Արալեզ համայնքի Վերածննդի հուշահամալիրում նախ մեկ րոպե լռությամբ, ապա նաև ծաղիկներ խոնարհելով՝ իրենց հարգանքի տուրքը մատուցեցին զոհվածների հիշատակին:
Այնուհետ Մասյացոտն թեմի առաջնորդ Տեր Գևորգ եպիսկոպոս Սարոյանի օրհնությամբ և Վեդի քաղաքի Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Հովակիմ քահանա Հարությունյանի մատուցմամբ հնչեց Տերունական աղոթքն ու սկսվեց միջոցառումը, որի ընթացքում ցուցադրվեց անմահացած յոթ քաջորդիների կյանքի և զինծառայության մասին պատմող վավերագրական ֆիլմ:
Ի հիշատակ նրանց ստեղծված ֆիլմի ավարտին՝ տեղի ունեցավ նաև պատվոգրերի հանձնման արարողություն: Համայնքի հերոսները հետմահու արժանացան պատվոգրերի և հուշամեդալների, որը նրանց ծնողներին հանձնեց Արալեզ համայնքի ղեկավար Մարտիկ Թևոնյանը:
Միջոցառումը կազմակերպվել էր Արալեզի համայնքապետարանի նախաձեռնությամբ:
Նոր Հայաստան հեռուստաընկերության պատրաստած տեսանյութը :