Նորություններ
Մարզպետը գրքեր է նվիրել մարզային գրադարանին և դպրոցի աշակերտներին
19.02.2021
Գիրք նվիրելու օրը Հայաստանում նշվում է 2008 թվականից՝ Հայաստանի գրողների միության երջանկահիշատակ նախագահ Լևոն Անանյանի նախաձեռնությամբ:
Տոնը նշվում է յուրաքանչյուր տարվա փետրվարի 19-ին, և դա պատահական չէ. 1869 թ-ի այս օրը ծնվել է հայ մեծանուն գրող, ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանը:
Տոնի նպատակն է ընթերցանության և գրքի նկատմամբ սերը ժառանգել նոր սերունդներին, նրանց հաղորդակից դարձնել գրականությանն ու հոգևոր-մշակութային արժեքներին: Հանճարեղ բանաստեղծի ծննդյան օրվա տոնական ավանդույթներից է մտերիմ մարդկանց որևէ գիրք նվիրելը:
Օրվա խորհրդին համահունչ Արարատի մարզպետ Ռազմիկ Թևոնյանն այսօր հյուրընկալեց Օհան Չուբարյանի անվան Արարատի մարզային գրադարանի տնօրեն Վաչե Պետրոսյանին և «Ազգը հարուստ է իր պատմությամբ» իր մակագրությամբ Հայոց պատմության հատորյակը նվիրեց մարզային գրադարանին: Գրադարանի տնօրենն էլ իր հերթին մարզպետին փոխանցեց Յուրա Պետրոսյանի հեղինակած «Պարույր Սևակ. բարի երազս ձեզ, սիրելիներ» հանրագիտակը:
Զրույցի ընթացքում մարզպետը Վաչե Պետրոսյանից հետաքրքրվեց նաև գրադարանի այցելուների թվի, գրքային և տեխնիկական հագեցվածության, աշխատակազմին հուզող հարցերի մասին և իր պատրաստակամությունը հայտնեց աջակցելու գրադարանի ընդլայնմանն ու հարստացմանը միտված յուրաքանչյուր նախաձեռնության:
Գիրք նվիրելու օրվա առթիվ մարզպետին այցելեցին նաև Վեդի քաղաքի Գագիկ Մարգարյանի անվան թիվ 1 հիմնական դպրոցի 9-րդ դասարանի աշակերտները, ովքեր մարզպետի համար որպես նվեր պատրաստել էին Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» աղոթագիրքը: Մարզպետն էլ իր կողմից նրանց նվիրեց Փավստոս Բուզանդի «Հայոց պատմություն» գիրքը:
Մարզպետ Թևոնյանն աշակերտներից նախ հետաքրքրվեց նրանց առաջադիմության, դպրոցական կյանքի, սիրելի առարկաների և նախասիրությունների, ինչպես նաև ապագայում ընտրելիք մասնագիտությունների մասին, ապա նաև իր բարեմաղթանքը հղեց նրանց.
«Սիրելի երեխաներ, դուք եք մեր պետության ապագան. ձեզանով պետք է հպարտանանք ու հզորանանք: Միշտ լավ սովորեք, որպեսզի դառնաք լավ մասնագետներ ու ձեր երկրի համար պիտանի քաղաքացիներ»,- նշեց նա:
Ողջունելի է, որ տարեցտարի տոնն ավելի մեծ ժողովրդականություն է ձեռք բերում՝ մեծ արձագանք գտնելով հանրության շրջանում: