Նորություններ
«Պիտի՛ ապրեք». Ավշարի միջնակարգ դպրոցի ՆԶՊ դասասենյակն այսուհետ կկրի զոհված հերոս Ռաֆիկ Ադիլխանյանի անունը
26.02.2021
Ավշարի միջնակարգ դպրոցի նախնական զինվորական պատրաստության (ՆԶՊ) դասասենյակն այսուհետ կրելու է Արցախյան երրորդ պատերազմում զոհված ավշարցի հերոս Ռաֆիկ Ադիլխանյանի անունը:
Ռաֆիկ Ադիլխանյանը Արարատի մարզի Ավշար համայնքի միջնակարգ դպրոցի 2020 թվականի շրջանավարտ էր:
Փետրվարի 23-ին դպրոցում կայացած անվանակոչության արարողությանը մասնակցել են Արարատի մարզպետի տեղակալ Նորիկ Ամիրխանյանը, Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ, գնդապետ Սուրեն Սարումյանը, «Ավշար» ջոկատի համահիմնադիր և ղեկավար, փոխգնդապետ Ազատ Սարգսյանը, «Առաջին գունդ» ՀԿ-ի նախագահ, գեներալ-լեյտենանտ Վաչագան Չիբուխչյանը, հերոսների ծնողներն ու հարազատները, զինվորականներ և այլք: Հերոսների հիշատակին նվիրված հուշ-ցերեկույթը Ռաֆիկի ու ընկած մյուս քաջորդիների պատգամն ուներ փոխանցելու եկող սերունդներին. «Պիտի՛ ապրեք»:
Միջոցառման ավարտին «Առաջին գունդ» ՀԿ-ի կողմից համայնքի հերոսները հետմահու արժանացան հուշամեդալների և պատվոգրերի, որոնք նրանց ծնողներին հանձնեց «Ավշար» ջոկատի ղեկավար Ազատ Սարգսյանը:
Դպրոցի կողմից նախաձեռնված միջոցառման ընթացքում «Գարեգին Նժդեհ» հուշամեդալի արժանացավ նաև դպրոցի ֆիզկուլտուրայի ուսուցիչ, պահեստազորի սպա Աշոտ Խաչատրյանը, իսկ Արցախյան երեք պատերազմների մասնակից, դպրոցի տնօրեն Արմեն Կիրակոսյանը պարգևատրվեց «Հովհաննես Թումանյան» հուշամեդալով: