Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

«Թող այս կենտրոնում առավելապես լինեն կանխարգելիչ այցեր». վերակառուցվել է Նշավանի ամբուլատորիայի շենքը

04.03.2021

Մարտի 2-ին Արարատի մարզի Նշավան համայնքում տեղի ունեցավ համայնքի առողջության առաջնային պահպանման կենտրոնի (ԱԱՊԿ) վերակառուցված շենքի բացման արարողությունը, որին ներկա էին Արարատի մարզպետի տեղակալ Արտավազդ Նազարեթյանը, մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Սուսաննա Կտրակյանը, համայնքի ղեկավար Մյասնիկ Հովհաննիսյանը, առողջապահության ոլորտի գործընկերներ, համայնքի բնակիչներ:

Միջոցառման մասնակիցները շրջեցին ամբուլատորիայում՝ ծանոթանալու շենքային նոր պայմաններին և հնարավորություններին:
Մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Սուսաննա Կտրակյանը շնորհավորեց բուժանձնակազմին և համայնքի բնակիչներին այս իրադարձության կապակցությամբ և հույս հայտնեց, որ այս փոփոխությամբ չեն սահմանափակվի, այլ հետագայում սույն կենտրոնը կհագեցվի նոր գույքով և ժամանակակից բժշկական սարքավորումներով ու պարագաներով:

«Հարգելի գործընկերներ, շնորհավորում եմ բոլորիս և հատկապես նշավանցիներին, քանի որ սա կարևոր իրադարձություն է նրանց համար: Մաղթում եմ, որպեսզի առաջիկայում այս կենտրոնում առավելապես լինեն կանխարգելիչ այցեր: Շատ ուրախալի է, որ այսուհետ բնակիչները կկարողանան արժանավայել պայմաններում օգտվել կենտրոնի կողմից մատուցվող բուժծառայություններից, իսկ բուժանձնակազմը կաշխատի արժանապատիվ պայմաններում»,- ընդգծեց Սուսաննա Կտրակյանը:

Նշենք, որ ամբուլատորիայի նախկին շենքը շուրջ 30 տարի գտնվում էր խիստ անմխիթար վիճակում: Համայնքապետարանի hաշվեկշռում գտնվող վարչական շենքի 2-րդ հարկում տեղակայված ամբուլատորիա հենաշարժողական խնդիրներ ունեցող բնակիչները հասնում էին շատ մեծ դժվարությամբ: Վերակառուցելով և կապիտալ վերանորոգելով վարչական շենքի առաջին հարկը՝ կենտրոնն այժմ իր այցելուներին կներկայանա միանգամայն նոր և բարեկարգ վիճակով և նրանց կսպասարկի առավել հարմարավետ պայմաններում:

Նշենք նաև, որ շենքի վերակառուցումը սկսվել է երեք տարի առաջ՝ համայնքապետարանի նախաձեռնությամբ, համայնքում և այժմ համայնքից դուրս բնակվող նշավանցիների համաֆինանսավորմամբ: Շենքի վերակառուցման և նորոգման ընդհանուր գումարը կազմել է 9 միլիոն 300 հազար դրամ, որից 4 միլիոն դրամը հատկացվել է համայնքային բյուջեից:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 16:22:07