Նորություններ
Սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդավայրում նշվել է նրա ծննդյան 62-ամյակը
05.03.2021
Այսօր՝ մարտի 5-ին, Հայաստանի Ազգային հերոս, Արցախի հերոս, Սպարապետ Վազգեն Սարգսյանը կդառնար 62 տարեկան:
Սպարապետի ծննդյան տոնի առթիվ նրա հարազատ ծննդավայրում՝ Արարատ գյուղում՝ նրա տուն-թանգարանի բակում, տեղի ունեցավ Սպարապետի հիշատակին նվիրված միջոցառում՝ Արարատ քաղաքի Ղազարոս Սարյանի անվան միջնակարգ մասնագիտական արվեստի դպրոցի և Արարատ գյուղի թիվ 3 միջնակարգ դպրոցի սաների մասնակցությամբ:
Միջոցառմանը ներկա էին Արարատի մարզպետ Ռազմիկ Թևոնյանը, Սպարապետի եղբայր Արամ Սարգսյանն ու ընտանիքի այլ անդամներ ու հարազատներ, մարզպետի տեղակալներ Արտավազդ Նազարեթյանն ու Նորիկ Ամիրխանյանը, մարզպետարանի տարբեր վարչությունների ներկայացուցիչներ, ուժային կառույցների մարզային վարչությունների ղեկավարներ ու աշխատակիցներ, Երկրապահ կամավորականների միության (ԵԿՄ) անդամներ, ազատամարտիկներ, համայնքապետեր, կրթական ու մշակութային հաստատությունների ներկայացուցիչներ ու աշակերտներ, պատանի երկրապահներ, համայնքների բնակիչներ:
Միջոցառման մասնակիցները մարզպետ Ռազմիկ Թևոնյանի և Սպարապետի եղբոր՝ Արամ Սարգսյանի գլխավորությամբ ծաղիկներ խոնարհեցին նրա տուն-թանգարանի բակում տեղադրված կիսանդրու առջև, այնուհետ՝ միջոցառման ավարտից հետո, շրջեցին նաև տուն-թանգարանում: