Նորություններ
Մարզպետը պատվոգրեր է հանձնել թատերական արվեստի գործիչներին
26.03.2021
Մարտի 27-ը Թատրոնի միջազգային օրն է՝ թատերական արվեստի գործիչների մասնագիտական տոնը: Այն սահմանվել է 1961թ-ին՝ Վիեննայում՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ին կից Թատրոնի միջազգային ինստիտուտի 9-րդ կոնգրեսում:
Այս տոնն ավանդաբար նշվում է հետևյալ խորագրով` «Թատրոնը որպես ժողովուրդների միջև խաղաղության ամրապնդման և փոխըմբռնման միջոց»:
Տոնի առթիվ այսօր Արարատի մարզպետ Ռազմիկ Թևոնյանը պատվոգրեր հանձնեց Արտաշատի Ամո Խարազյանի անվան պետական դրամատիկական թատրոնի դերասաններ Հարություն Մինասյանին, Սառա Ռուշանյանին, Լուսինե Սողոմոնյանին և Վյաչեսլավ Հայրապետյանին՝ թատերարվեստում նրանց ներդրած ավանդի համար:
Շնորհավորելով թատերարվեստի ներկայացուցիչներին մասնագիտական տոնի կապակցությամբ՝ մարզպետ Թևոնյանը նրանց մաղթեց բեղմնավոր աշխատանք, ստեղծագործական նորանոր մտահղացումներ, անսպառ եռանդ և լեփ-լեցուն դահլիճներ:
Մարզպետարանում դերասանների հետ տեղի ունեցած հանդիպմանը մասնակցում էին նաև մարզպետի տեղակալ Արտավազդ Նազարեթյանը, մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետի պաշտոնակատար Հասմիկ Գասպարյանը, մշակույթի և սպորտի բաժնի գլխավոր մասնագետ Էլլա Սարգսյանն ու մարզպետարանի գլխավոր քարտուղար Արթուր Մկրտչյանը:
Վերջիններս իրենց հերթին շնորհավորեցին հյուրերին՝ մաղթելով մասնագիտական հաջողություններ ու ավելի մեծ բեմեր:
Հանդիպման ավարտին թատրոնի տնօրեն Կամո Նաղդալյանն իր խորին շնորհակալությունը հայտնեց առանձնահատուկ ուշադրության համար և վստահեցրեց, որ այսուհետ ևս թատրոնի առջև դրված ցանկացած խնդիր կկատարվի բարձր մակարդակով: