Նորություններ
ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանը խորհրդակցություն է անցկացրել մարզպետների հետ
09.04.2021
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների (ՏԿԵ) նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ ապրիլի 8-ին տեղի է ունեցել մարզպետների խորհրդակցություն, որին մասնակցել է նաև ՏԿԵՆ պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Գարիկ Սարգսյանը։
Խորհրդակցությանն անդրադարձ է եղել պետական գույքի կառավարման կոմիտեի տվյալների բազաների ամբողջականացման և լրամշակման հարցում մարզպետարանների աջակցությանը:
Նախարարը կարևորել է կոմիտեի, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների համագործակցված աշխատանքը՝ պետական գույքի համապարփակ հաշվառման, պետական սեփականություն հանդիսացող անշարժ գույքին վերաբերող տվյալների համապատասխանեցման, ոչ լիարժեք բազան ամբողջականացնելու հարցում:
Ի թիվս օրակարգային հարցերի` նիստի ընթացքում քննարկվել են մարզերում տարբեր բնագավառներում իրականացված աշխատանքներն ու ծրագրերը, դրանց արդյունքներն ու ընթացիկ խնդիրները: Նշվել է, որ 2021 թվականին հանրապետության համայնքների կողմից ներկայացվել է համայնքների ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն 800 նախնական հայտ, որոնք առաջիկայում կքննարկվեն սուբվենցիայի հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովում։
Նախարար Պապիկյանն ընդգծել է, որ ընթացիկ տարվա սուբվենցիոն հայտերի ընտրության հարցում առաջնահերթությունը տրվելու է այն ծրագրերին, որոնք համայնքներում կլուծեն առաջնային խնդիրներ, կբարեկարգվեն կամ կկառուցվեն կենսական ենթակառուցվածքներ։ Մարզպետներին հանձնարարվել է ուշադրության կենտրոնում պահել նաև համավարակի և պատերազմի հետևանքով նախորդ տարվա անավարտ ծրագրերը՝ դրանց շինարարության տեմպն ու որակը պահելու և նախանշվող ժամկետներում ավարտելու նպատակով։
Մարզպետները նախարարին զեկուցել են նաև ՀՀ մարզերի՝ համայնքների եկամուտների հավաքագրման արդյունքների մասին։ Համայնքների սեփական եկամուտները 2021թ․ առաջին եռամսյակում կազմել են 5 մլրդ 264 մլն դրամ, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելի է 470 մլն դրամով։ Քննարկվել են նաև մարզպետարանների գործունեության արդյունավետության բարձրացմանն առնչվող այլ հարցեր ևս: Անդրադարձ է եղել մարզերի 2017-2025 թվականների զարգացման ռազմավարությունից բխող 2021 թվականի տարեկան գործունեության ծրագրի մշակման և գերակայությունների սահմանման, ինչպես նաև համայնքային ծառայողների և ՏԻՄ 2021թ. վերապատրաստումների վերսկսման ուղղությամբ աշխատանքներին։
Աղբյուրը՝ ՀՀ ՏԿԵՆ պաշտոնական կայքէջ