Նորություններ
Արարատի մարզպետ Ռազմիկ Թևոնյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄԷ դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատարին
20.04.2021
Արարատի մարզպետ Ռազմիկ Թևոնյանն այսօր ընդունել է ՀՀ-ում ԱՄԷ դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար տիկին Ահլամ Ռաշիդ ալ Սալամիին:
Ողջունելով տիկին Ահլամ Ռաշիդ ալ Սալամիին` մարզի ղեկավարը նշել է` հայ-էմիրաթական հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա և հայ ժողովուրդն առանձնահատուկ վերաբերմունք ունի բարեկամ ժողովրդի նկատմամբ: Հանգամանալից ներկայացնելով մարզի պատմամշակութային ժառանգությունն, արտադրական պոտենցիալն ու խոսելով երկկողմ համագործակցության եզրերի մասին` Ռազմիկ Թևոնյանն առաջարկել է կազմակերպել համատեղ հանդիպում-քննարկումներ երկու երկրների գործարար հատվածի մասնակցությամբ և տնտեսական նոր ծրագրերի նախաձեռնման սկիզբ դնել:
ՀՀ-ում ԱՄԷ դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատարն իր հերթին շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և ավելացրել` ԱՄԷ-ում բնակվող շուրջ 8000 հայերը բոլոր ոլորտներում աչքի են ընկնում իրենց աշխատասիրությամբ ու ստեղծարարությամբ, իսկ հայ ժողովուրդն ընդհանրապես` իր բարությամբ ու հյուրընկալությամբ: Տիկին Ահլամ Ռաշիդ ալ Սալամին ընդունել է Ռամադանից հետո կրկին Արարատի մարզ այցելելու մարզի ղեկավարի առաջարկն ու ավելացրել` իրենք հետաքրքրված են հատկապես սննդամթերքի անվտանգության ոլորտում հայ-էմիրաթական համագործակցության ընդլայնմամբ ու խորացմամբ:
Հանդիպման ավարտին Ռամադան ամսվա ամենամյա բարեգործական նախագծի շրջանակներում, Էմիրաթական Կարմիր մահիկ կազմակերպության կողմից, ՀՀ-ում ԱՄԷ դեսպանության միջոցով իրականացվել է մարդասիրական օգնության տրամադրում. առաջին անհրաժեշտության սնունդ պարունակող արկղեր են հանձնվել Արարատի մարզի 80 սոցիալապես անապահով, զոհված կամ անհետ կորած զինծառայողներ ունեցող ընտանիքների: