Նորություններ
Մեկնարկել է Անդրանիկ Զոհրաբյանի անվան ֆուտբոլի ավանդական հուշամրցաշարը
22.04.2021
Արարատի մարզպետ Ռազմիկ Թևոնյանն այսօր մասնակցել է «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանի ասպետ, ԱՀ «Մարտական ծառայություն» մեդալին արժանացած վեդեցի քաջորդի Անդրանիկ Զոհրաբյանի անվան ֆուտբոլի հուշամրցաշարի բացմանը:
2016թ քառօրյա մարտական գործողություններին հերոսաբար ընկած զինծառայողի հիշատակին նվիրված ավանդական հուշամրցաշարի բացման հանդիսավոր արարողությանը ներկա են եղել նաև հայկական ֆուտբոլի լեգենդներ Սերգեյ Բոնդարենկոն և Խորեն Հովհաննիսյանը, Հայաստանի Ֆիզիկական Կուլտուրայի և Սպորտի Պետական ինստիտուտի ռեկտոր Դավիթ Խիթարյանը,Վեդու համայնքապետ Վարուժան Բարսեղյանը, հերոսի հարազատներն ու ընկերները, վեդեցիներ:
Հուշամրցաշարն անցկացվում է հերոսի մարզիչների` Հարություն Հայրապետյանի և Մուշեղ Նիկոյանի նախաձեռնությամբ, կյանքի կոչվում Վեդու համայնքապետարանի հովանու ներքո և միտված է ֆուտբոլի մասսայականացմանն ու պատանիների շրջանում առողջ ապրելակերպի ձևավորմանը: Մարզական այս միջոցառմանն ավանդաբար մասնակցում են Արարատի մարզի բոլոր տարածաշրջանները ներկայացնող 12 պատանեկան թիմեր:
ՀՖԿՍՊԻ ռեկտոր Դավիթ Խիթարյանը, հանդես գալով ողջույնի խոսքով, շեշտել է ` հուշամրցաշարը մեր հերոս տղաների հիշատակը վառ պահելու արարողություն է ու հայրենասիրության յուրօրինակ դաս, ապա ինստիտուտի գիտխորհրդի որոշմամբ` Ոսկե մեդալներ հանձնել հայկական ֆուտբոլի լեգենդներ Սերգեյ Բոնդարենկոյին և Խորեն Հովհաննիսյանին:
Հուշամրցաշարը մեկնարկել է Վեդու և Սուրենավանի թիմերի մրցմամբ: