Նորություններ
Արտաշատում կայացել է Գառնիկ Ղուկասյանի անվան աթլետիկայի հուշամրցաշարը
23.05.2021
Արտաշատի քաղաքային մարզադաշտում այսօր անցկացվել է զոհված ազատամարտիկ, Հայաստանի բազմակի չեմպիոն Գառնիկ Ղուկասյանի անվան աթլետիկայի հանրապետական հուշամրցաշարը, որին այս տարի մասնակցել է շուրջ 150 մարզիկ Արարատի, Շիրակի, Լոռու, Սյունիքի մարզերից և Երևան քաղաքից։ Հուշամրցաշարը կազմակերպվել էր Հայաստանի աթլետիկայի ֆեդերացիայի կողմից:
Մրցումների ընթացքին հետևել են Արարատի մարզպետ Ռազմիկ Թևոնյանը, Արտաշատի քաղաքապետ Կարեն Բենիամինյանը, Գառնիկ Ղուկասյանի հարազատները և մարտական ընկերները, մարզպետարանի և քաղաքապետարանի աշխատակիցներ, սպորտի վարպետներ, աթլետներ:
Մրցաշարի գլխավոր մրցավար, միջազգային կարգի մրցավար Տիգրան Սիմոնյանի տեղեկացմամբ՝ այս տարի մարզիկները մրցել են վազքային, ցատկային և գնդի հրում մրցաձևերում: Գլխավոր մրցանակը խաղարկվել է տղամարդկանց 1500 մ վազքում, որտեղ հաղթողը և մրցանակակիրները ստացել են նաև դրամական պարգևներ: Այլ մրցաձևերում հաղթողները և մրցանակային տեղեր զբաղեցրած աթլետները պարգևատրվել են հավաստագրերով: