Նորություններ
Կայացել է մարզխորհրդի նիստ
13.07.2021
Արարատի մարզպետարանում այսօր տեղի է ունեցել մարզխորհրդի հերթական նիստը, որը վարել է մարզպետ Ռազմիկ Թևոնյանը: Նիստին ներկա են եղել համայնքների ղեկավարները, փոխմարզպետները, մարզպետարանի ստորաբաժանումների պատասխանատուները, ՋՕԸ-երի ղեկավարներն ու այլոք:
Մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Հայկազ Տերտերյանը ներկայացրել է տեղեկություն գարնան գյուղատնտեսական աշխատանքների ընթացքի մասին՝ զգուշացնելով հատկապես բարձրադիր տարածքներում երաշտի վտանգի մասին:
Այս համատեքստում մարզպետը նկատել է, որ, թեև, ամբողջ հանրապետությունում առկա ջրի սակավությանը, մարզում ջրօգտագործող ընկերությունների հետ ամենժամյա աշխատանքներ են տարվել առկա խնդիրները վերացնելու համար:
«Շնորհակալություն ՋՕԸ-երի աշխատակիցներին: Դժվարությամբ կարողացել ենք գյուղացու կարիքները բավարարել: Պետք է ամենօրյա, ամենժամյա աշխատանքները շարունակենք, ջրի պակասից ոչ մի մթերք չպետք է տուժի», - ասել է մարզպետ Թևոնյանը:
Գուղատնտեսության և բնապահպանության վարչության պետի ներկայացմամբ՝ այս տարի ծիրանի և կարտոֆիլի բերքը քիչ էր, իրացման խնդիր չի եղել: Ցածրադիր վայրերում ավարտվել է նաև ցորենի և գարու բերքահավաքը՝ միջին բերքատվությամբ:
Զեկույցներով են հանդես եկել նաև մարզպետարանի Ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Լեռնիկ Խաչատրյանը, ՏԻ և ՀԳՄ հարցերով վարչության պետ Հրաչիկ Բաբայանը և Իրավաբանական բաժնի պետ Հրաչ Դավթյանը:
Համայնքների ղեկավարների հետ քննարկվել են համայնքներում առկա մի շարք խնդիրները: