Նորություններ
Անցկացվել է հանրակրթական ուսումնական հաստատությունների տնօրենների խորհրդակցություն
25.08.2021
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն Արմավիրի մարզում անցկացրել է Արարատի և Արմավիրի մարզերի հանրակրթական ուսումնական հաստատությունների տնօրենների 2021-2022 ուսումնական տարվա օգոստոսյան խորհրդակցությունը:
Խորհրդակցությանը մասնակցել են ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը, «Կրթության զարգացման և նորարարության ազգային կենտրոն» հիմնադրամի տնօրենի պաշտոնակատար Արտաշես Թորոսյանը, կրթության ոլորտի մարզային պատասխանատուներն ու աշխատակիցները:
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը ելույթի իր խոսքում շնորհակալություն է հայտնել կրթության ոլորտի մարզային պատասխանատուներին համավարակի և Արցախյան 44-օրյա պատերազմի ժամանակ ուսումնական տարին պատվով հաղթահարելու համար:
«Մենք անցանք պատերազմի, համավարակի միջով, և կրթական հաստատություններն իրենց վրա վերցրեցին այս բոլոր խնդիրների բացասական ազդեցությունը: Այս ընթացքում դուք կազմակերպել եք ոչ միայն ձեր դպրոցների աշակերտների կրթությունը, այլ նաև ապահովել եք կրթության իրավունքը Արցախից մեզ մոտ գտնվող հարյուրավոր երեխաների համար, ինչը շատ կարևոր և գնահատանքի արժանի է», - ասել է նախարարի տեղակալը:
Հանդիպմանը քննարկվել են հանրակրթության ոլորտը կարգավորող իրավական ակտերի փոփոխություններին և նոր ուսումնական տարվա ընթացիկ գործողությունների իրականացմանը վերաբերող հարցեր: Անդրադարձ է եղել նաև ուսուցիչների ատեստավորման ուղղությամբ ընթացող նախապատրաստական աշխատանքներին և վերապատրաստման գործընթացներին:
Լուսանկարները՝ Արմավիրի մարզպետարանի