Նորություններ
Խորհրդակցություն՝ նոր ուսումնական տարվա մեկնարկին ընդառաջ
31.08.2021
Նոր ուսումնական տարվա մեկնարկին ընդառաջ Արարատի մարզպետարանում կայացել է մարզի հանրակրթական դպրոցների տնօրենների, ուսուցիչների մասնակցությամբ խորհրդակցություն, որն անցկացրել են մարզպետարանի գլխավոր քարտուղար Արթուր Մկրտչյանն ու Կրթության, մշակույթի և սպրոտի վարչության պետ Հասմիկ Գասպարյանը:
Արթուր Մկրտչյանը նախ շնորհակալություն է հայտնել կրթության ոլորտի մարզային պատասխանատուներին համավարակի ժամանակ ուսումնական տարին պատվով հաղթահարելու համար և ընդգծել ամենօրյա միասնական աշխատանքի կարևորությունը:
«Մեզ համար պետք է գերակա լինի թիմային աշխատանքը, բոլորս համատեղ ուժերով լծվենք մեր մարզի կրթական գործընթացի ճիշտ կազմակերպմանն ու զարգացմանը: Բուն կրթական գործընթացը բոլորիս համար պետք է գերակա խնդիր լինի: Պետք է խստագույնս հետևենք նաև հակահամաճարակային բոլոր կանոնների պահպանմանը, լինենք զգոն, աշխատենք սանիտարական ամենախիստ կանոններով, որի շնորհիվ կարող ենք ապահովել ուսումնական գործընթացի անընդհատությունը»,- իր խոսքում ասել է գլխավոր քարտուղարը:
Արթուր Մկրտչյանը նաև կարևորել է դպրոցների ֆինանսական միջոցների արդյունավետ օգտագործումը, դպրոցների տնօրեններին հորդորել հարստացնել դպրոցի նյութատեխնիկական բազան, թարմացնել լաբորատորիանները:
Կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Հ. Գասպարյանն էլ նշել է, որ 2021 թվականի սեպտեմբերի 1-ից մարզը անցում է կատարելու համընդհանուր ներառական կրթության, որը ենթադրում է դպրոցներում ունենալ ուսուցչի օգնականների հաստիքներ: Մարզի բոլոր դպրոցներին իրավունք է վերապահված կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների առկայության դեպքում դպրոցում ունենալու համապատասխան մասնագետներ:
Կրթության բաժնի պետ Ալբերտ Մկրտչյանն էլ ներկայացրել է ուսումնական տարվա մեկնարկի առանձնահատկությունները: Որոշում է կայացվել 2021-2022 ուսումնական տարում մարզում սահմանել 5-օրյա աշխատանքային ռեժիմ, ուսուցումը կազմակերպել ամենօրյա ռեժիմով և առկա ձևաչափով: Տնօրեններին հանձնարարվել է ուսումնական գործընթացը կազմակերպելիս առաջնորդվել ՀՀ առողջապահության նախարարի 2020 թվականի N 24 հրամանով հաստատված սանիտարական կանոններով:
Խորհրդակցությանը քննարկվել են նոր ուսումնական տարվա ընթացիկ գործողությունների իրականացմանը վերաբերող այլ հարցեր նույնպես: