Նորություններ
Հուշ-ցերեկույթ՝ նվիրված Արցախյան պատերազմում զոհված Արման Օհանջանյանին
31.08.2021
Մասիս քաղաքում կայացել է հուշ-ցերեկույթ՝ նվիրված Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված 23-ամյա Արման Օհանջանյանին: Միջոցառմանը մասնակցել է նաև Արարատի մարզպետի տեղակալ Գևորգ Սիմոնյանը:
Հուշ-ցերեկույթը կազմակերպել էր Արմանի քույրը՝ Թամարա Օհանջանյանը: Վերջինս պատմում է՝ փորձել է ոչ թե տխրություն հաղորդել մարդկանց, այլ միջոցառման միջոցով ևս մեկ անգամ ներկայացնել եղբոր քաջ և ուրախ տեսակը:
Արմանը կամավոր էր մեկնել Ստեփանակերտ, այնտեղից էլ՝ Ջաբրայիլ, որտեղ էլ զոհվել է հոկտեմբերի 21-ին:
«Արմանը կամավորագրվել էր, բայց դեռևս չէին տարել Արցախ: Պատերազմի օրերին գազալցակայանում լսում է արցախցիների խոսակցություն, մեքենան թողնում տեղում և նրանց հետ ուղևորվում Ստեփանակերտ, որտեղից էլ Ջաբրայիլ: «Մահ ոչ իմացեալ մահ է, Մահ իմացեալ՝ անմահություն». սա էր միջոցառման խորագիրը, որն ամբողջությամբ ներկայացնում էր Արմանին: Եղբայրս պատերազմի ընթացքում երկու անգամ եկել է արձակուրդ, բայց, իմանալով պատերազմի ծանրությունը, նորից վերադարձել կռվելու հանուն հայրենիքի»,- պատմում է քույրը:
Ցերեկույթին հնչել են հայրենասիրական երգեր, ասմունք, ներկայացվել է Արման Օհանջանյանի կյանքի պատմությունն ու կատարած սխրանքները:
Հավերժ փառք ու պատիվ Արման Օհանջանյանին և հանուն հայրենիքի իրենց կյանքը զոհաբերած բոլոր քաջերին: