Նորություններ
Արարատի մարզպետ Ռազմիկ Թևոնյանի շնորհավորական ուղերձը Գիտելիքի օրվա կապակցությամբ
01.09.2021

Սիրելի՛ աշակերտներ, հարգելի ուսուցիչներ, կրթական ոլորտի պատասխանատուներ, ծնողներ,
Շնորհավորում եմ բոլորիս Սեպտեմբերի 1-ի՝ Գիտելիքի օրվա կապակցությամբ։
Առանձնահատուկ ուզում եմ շնորհավորել մեր փոքրիկներին, որոնք առաջին անգամ մուտք են գործում դպրոց:
Գիտելիքի ճանապարհը միշտ էլ դժվար է լինում, հատկապես վերջին տարիներին այն անցնում ենք արտակարգ պայմաններում: Ինչպես նախորդ տարի, այս տարի էլ մենք ուսումնական տարին սկսում ենք համաճարակային դժվար պայմաններում: Սակայն ոչ մի բան երբեք չպետք է խանգարի սովորելուն և սովորեցնելուն:
Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել մեր մանկավարժներին, որոնք այս բարդ ժամանակահատվածում շարունակում են կատարել սերունդներ կրթելու իրենց առաքելությունը: Մեզ դեռևս բարդ ճանապարհ է սպասվում: Պետք է կարողանանք համատեղ ու ճիշտ աշխատանքով ապահովել կրթական գործընթացի շարունակականությունը:
Ի դեպ, այս տարի մարզից հանրապետության տարբեր բարձրագույն ուսումնական հաստատություններ են ընդունվել շուրջ 702 ուսանողներ, որոնցից 94-ը՝ անվճար:
Շնորհավորում եմ նաև ձեզ, սիրելի՛ ուսանողներ: Սովորեք, ջանացեք, շատ աշխատեք: Գիտելիքով կարելի է բացել ցանկացած դուռ, շրջել ցանկացած սար:
Եվս մեկ անգամ շնորհավորելով բոլորիս Գիտելիքի օրվա առիթով՝ մաղթում եմ քաջառողջություն, հաջողություն և ամենայն բարիք: