Նորություններ
ՀՀ Արարատի մարզպետ Ռազմիկ Թևոնյանի շնորհավորական ուղերձը Հայաստանի Անկախության տոնի առթիվ
21.09.2021
Սիրելի՛ հայրենակիցներ, շնորհավորում եմ բոլորիս մեզ համար ամենաարժեքավոր ու թանկ տոներից մեկի՝ Հայաստանի Անկախության օրվա առիթով։
1991 թվականին մենք միասնականորեն հաստատեցինք անկախ ապրելու մեր իրավունքը, դարձանք մեկ անկախ պետություն։
Մենք ապացուցեցինք, որ ձգտումները, երազանքները կարող են իրականություն դառնալ։ Մենք իրականացրինք Անկախ Հայաստան ունենալու մեր երազանքը։
Այս երեսնամյա անկախության համար մենք առաջին հերթին պարտավոր ենք մեր հազարավոր այն քաջորդիներին, ովքեր անձնվիրաբար մարտնչել են հանուն մեր բոլորի Հայաստանի, հանուն այսօրվա և վաղվա օրվա գոյության։
Հավե՛րժ փառք ու պատիվ բոլոր հերոսներին։
Մեր պատմությունը մեզ ապացուցել է՝ հաղթահարել ու հաղթել ենք, երբ միասնական ենք եղել:
Սիրելի՜ ժողովուրդ, այսօր էլ պետք է մեր միասնականությամբ հաղթահարենք մեզ պատմությամբ բաժին հասած նոր մարտահրավերները, շարժվենք առաջընթացի ճանապարհով՝ կառուցելով ավելի հզոր և զարգացած Հայաստան։
Տեղին է մեջբերել Սպարապետ Վազգեն Սարգսյանի՝ Անկախության մասին ասված հետևյալ խոսքերը. « Անկախությունը բացարձակ արժեք է։ Անգամ այս ծանր փորձությունների գնով, անգամ այս ծանր կենցաղի գնով Անկախությունը քննարկման կարիք չունի։ Դա մարդու շնչելու, մարդու ապրելու, ծնվելու, սիրելու պես բան է։ Այդ ամեն ինչի հավաքականություն է Անկախությունը...»:
... սիրենք ու փայփայենք մեր ամենաթանկը՝ ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆԸ։
Սիրելիներս, ևս մեկ անգամ շնորհավորելով բոլորիս համապետական տոնի առթիվ՝ մաղթում եմ բարեկեցություն, խաղաղություն և լավատեսություն։