Նորություններ
Մարզպետն ու նախարարը հետևել են Այգեզարդ համայնքում ընթացող սուբվենցիոն ծրագրերի ընթացքին
08.10.2021
Արարատի մարզ կատարած աշխատանքային այցի ընթացքում Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն Արարատի մարզպետ Ռազմիկ Թևոնյանի ուղեկցությամբ այցելել է Այգեզարդ համայնք, ծանոթացել կառավարության 2021 թվականի սուբվենցիոն ծրագրերով ընթացող աշխատանքներին:
Այգեզարդ համայնքում կառավարություն-համայնք համաֆինանսավորմամբ իրականացվում է 3 ծրագիր՝ համայնքի կենտրոնական փողոցի ասֆալտապատում, համայնքապետարանի և զբոսայգու բարեկարգում, բասկետբոլի և թենիսի խաղադաշտերի կառուցում:
Նախարարը հետևել է համայնքի կենտրոնական փողոցներից Ղարիբյան փողոցի ասֆալտապատման աշխատանքներին։ Ծրագրի արժեքը 47 մլն դրամ է, որից 30%-ը տրամադրում է կառավարությունը, 70%-ը՝ համայնքը: Իրականացվում են ջրահեռացման աշխատանքներ, մայթերի կառուցում, երկշերտ ասֆալտի տեղադրում:
Համայնքում սուբվենցիոն ծրագրով կառուցվում է նաև թենիսի և բասկետբոլի խաղադաշտ՝ ընդհանուր 44 մլն դրամ արժեքով: 65%-ը հատկացնում է համայնքը, 35%-ը՝ կառավարությունը:
Բարեկարգվում է նաև համայնքապետարանի հարակից տարածքն ու զբոսայգին: Այգին, ընդհանուր առմամբ, բարեկարգվել է անցած տարվա սուբվենցիոն ծրագրով: Այս տարի վերանորոգում են շատրվանները, տեղադրում են ցայտաղբյուրներ: Ծրագրի ընդհանուր արժեքը 7 մլն դրամ է, որից 30%-ը կառավարությունն է հատկացնում, 70%-ը՝ համայնքը։