Նորություններ
«Նոյ. կյանքս՝ ի սեր հայրենիքիս»
15.10.2021
Արարալեզ համայնքի միջնակարգ դպրոցում տեղի է ունեցել հուշ-ցերեկույթ՝ նվիրված համայնքից Արցախյան վերջին պատերազմում զոհված Նոյ Թևոնյանի հիշատակին:
Ցերեկույթի ժամանակ ներկայացվել է «Նոյ. կյանքս՝ ի սեր հայրենիքիս» գիրքը, որտեղ տեղ է գտել հերոսի կյանքի պատմությունը, կատարած սխրանքներն ու վերջինիս նվիրված չափածո ստեղծագործությունները, որոնք գրվել են Նոյի ծնողների՝ Լյովա և Գայանե Թևոնյանների, ինչպես նաև այլ ստեղծագործողների կողմից։
Կարոտով բոլորը հիշում են ու Նոյին ներկայացնում որպես հայրենասեր, խելացի, նվիրված ու չափից շատ բարի երիտասարդի:
19-ամյա Նոյը նորագույն տեխնոլոգիաների մեծ սիրահար էր: Ուսանել է նաև Թումո ստեղծարար կենտրոնում և գրանցել բազում հաջողություններ ռոբոտաշինության ասպարեզում՝ արժանանալով պատվոգրերի:
Աշխարհը փոխելու մեծ նպատակներ ուներ:
«Ուզում եմ փոխել աշխարհը: Շատ իդեաներ կան գլխումս: Այո՛, ապագան լինելու է տեխնոլոգիաների գերզարգացման թռիչքային ժամանակաշրջան: Յուրաքանչյուր ոք պետք է ունենա վաղվա օրվա այս երազանքը, որ իդեան մարմին առնի ու դառնա շոշափելի: Իմ այս տեսլականը մոտ ապագայում անպայման կիրականանա», - մի առիթով ասել է Նոյը:
Նոյն ընտանիքի հետ բնակվել է Ռուսաստանի Դաշնությունում, սակայն վերադարձել է հայրենիք և ծառայության անցել հայոց բանակում: Ծառայել է Մատաղիսի հետախուզական վաշտում, սեպտեմբերի 27-ից մասնակցել է մարտական գործողություններին: Ընկել է մարտի դաշտում հոկտեմբերի 11-ին Վարանգաթաղ բարձրունքը պաշտպանելիս: Զոհվել է, սակայն հասցրել է հակառակորդի դրոշն իջեցնել բարձրունքից:
Նոյ Թևոնյանը հետմահու պարգևատրվել է Արցախի «Մարտական ծառայություն», «Մայրական երախտագիտություն Արցախի քաջորդիներին» և «6-րդ ՊՇ Անձնուրաց պաշտպան» մեդալներով:
Միջոցառմանը ներկա է եղել Արարատի մարզպետի տեղակալ Գևորգ Սիմոնյանը, մարզպետարանի և համայնքապետարանի աշխատակիցներ, գրողներ, Նոյի հարազատները, ընկերները, ուսուցիչներն ու համագյուղացիները:
Հնչել են ստեղծագործություններ՝ նվիրված Նոյին և պատերազմում ընկած մյուս հայորդիներին: