Նորություններ
Արարատի փոխմարզպետն ու ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպանն այցելել են Արարատի N3 հիմնական դպրոց
21.03.2022
Արարատի մարզի Արարատ քաղաքային համայնքի N3 հիմնական դպրոցում Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի հովանավորչությամբ գործող Անգլիական ակումբը հյուրընկալել էր Արարատի մարզպետի տեղակալ Վլադիմիր Խաչատրյանին, Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Ջոն Գալագերին, Արարատի համայնքապետ Ասլան Ավետիսյանին և Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Արևիկ Սարիբեկյանին:
Անգլերեն ակումբի սաների նախաձեռնությամբ հյուրերը դպրոցի բակում, որպես հայ-բրիտանական բարեկամության ու համագործակցության խորհրդանիշ, տնկել են ծառեր:
Ծառատունկին հաջորդել է բաց դաս, որի ընթացքում աշակերտները ներկայացրել են վերջին ամիսներին կլիմայական փոփոխության վերաբերյալ ձեռք բերած գիտելիքներն ու իրենց համայնքում առկա բնապահպանական խնդիրների վերաբերյալ կատարած վերլուծության արդյունքները։
Դասին հաջորդել է դեսպանի հետ զրույցը, որի ընթացքում աշակերտները պատմել են իրենց առաջադիմության, տարբեր հետաքրքրությունների, անգլերեն սովորելու և իրենց ապագա պլանների մասին։
Արարատի փոխմարզպետ Վլադիմիր Խաչատրյանը ողջունել է նախագիծն ու հույս հայտնել, որ նմանօրինակ ակումբներ առաջիկայում կգործեն մարզի մյուս դպրոցներում ևս: