Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Մարզպետը Մասիսում հետևել է սուբվենցիոն ծրագրերով և պետբյուջեի միջոցներով իրականացվող շինարարական աշխատանքներին

02.06.2022

Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանը փոխմարզպետ Վլադիմիր Խաչատրյանի և Մասիս համայնքի ղեկավար Դավիթ Համբարձումյանի հետ աշխատանքային շրջայց է կատարել Մասիս համայնքում, հետևել Կառավարության 2021 թվականի սուբվենցիոն ծրագրերով և պետական բյուջեի միջոցներով իրականացվող աշխատանքների ընթացքին։ 

Մարզպետի առաջին կանգառը քաղաքի թիվ 1 մանկապարտեզում էր, որն այս պահին հիմնովին վերանորոգվում է։

Կրթօջախը գտնվում էր վթարային վիճակում, շինաշխատանքներն այս պահին գրեթե ավարտական փուլում են։ Մանկապարտեզի վերաբացումից հետո այստեղ կգործի 8 խումբ՝ նախկին 3-ի փոխարեն, ավելի շատ երեխաներ կհաճախեն նախադպրոցական ուսումնական հաստատություն, կավելանան աշխատատեղեր:

Բարեկարգ և գեղեցիկ նախակրթական հաստատություն ունենալու համար ծախսվում է 145917,47 դրամ՝ կառավարություն-համայնք 50%-50% համաֆինանսավորմամբ:

Ի դեպ, կրկին Կառավարության աջակցությամբ քաղաքի մյուս՝ անմխիթար վիճակում գտնվող թիվ 3 մանկապարտեզի փոխարեն կառուցվում է թեթև կոնստրուկցիաներով նոր նախակրթարան: Մանկապարտեզի շենքը գնահատվել էր 3-4-րդ կարգի վթարային: Ծրագրի իրականացմամբ շուրջ 120 երեխա չի զրկվի նախադպրոցական կրթություն ստանալու հնարավորությունից։ Այն շահագործման կհանձնվի օգոստոսին:

Այս ծրագրի ընդհանուր արժեքը 276508,06 դրամ է՝ կառավարություն-համայնք 50%-50% համաֆինանսավորմամբ:

Մարզպետին է ներկայացվել նաև սուբվենցիոն մեկ այլ ծրագրով քաղաքի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի և քաղաքային կենտրոնական գրադարանի հիմնանորոգման աշխատանքների ընթացքը։ Այս կառույցը նույնպես գտնվում էր վթարային վիճակում, իսկ հիմնովին նորոգումից հետո համայնքը կունենա ստեղծագործական ժամանակակից կենտրոն։

Մարզի ղեկավարն այցելել է նաև Մասիսի հիվանդանոց, հետևել նոր կառուցվող շենքի շինարարական աշխատանքներին։ Հիվանդանոցը կառուցվում է պետական բյուջեի միջոցներով։

Սեդրակ Թևոնյանը հորդորել է ամենայն պատասխանատվությամբ մոտենալ աշխատանքներին, որակական չափանիշները պահպանելով՝ ծրագրերն ավարտին հասցնել պայմանագրերով սահմանված ժամկետներում:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-26 17:29:31