Նորություններ
Արարատի մարզպետն ընդունել է ՀՀ–ում Չինաստանի դեսպանին
12.07.2022
Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանն ընդունել է Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ֆան Յոնգին:
Ողջունելով հյուրին՝ մարզի ղեկավարը նշել է, որ Չինաստանը Հայաստանի համար կարևորագույն գործընկեր է և հույս հայտնել, որ փոխադարձ շահերի վրա հիմնված հայ–չինական հարաբերությունները տարիների ընթացքում առավել կսերտանան։
Իր հերթին դեսպանը վստահեցրել է, որ ջանք չի խնայի հայ-չինական համագործակցության հետագա զարգացման ու ընդլայնման համար:
«Հայ–չինական դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակն ենք նշում։ Շատ մեծ ճանապարհով ենք անցել և հաջողություն ունեցել, ցանկանում ենք նոր ոլորտներում ավելի սերտ հարաբերություններ սկսել», – ասել է դեսպանը։
Մարզի տնտեսական ներուժը ներկայացնելու համար Սեդրակ Թևոնյանն ու Ֆան Յոնգը շրջել են Երասխի ինտենսիվ այգիներում, Սուրենավանի «Fruit Food» չրերի արտադրամասում, «Վեդի Ալկո» խմիչքի գործարանում, «Արտֆուդ» պահածոների գործարանում, ինչպես նաև Դվինի հնավայրում։
Դեսպանին է ներկայացվել ընկերությունների արտադրական գործընթացն ու արտահանման ծավալները։
Անդրադառնալով առևտրատնտեսական հարաբերություններին՝ կողմերը նկատել են, որ Չինաստանը Հայաստանի հիմնական առևտրական գործընկերներից է և համատեղ աշխատանքի միջոցով հնարավոր է առևտրաշրջանառության ծավալները էլ ավելի մեծացնել: Վերջիններս կարևորել են այս ուղղությամբ նոր ծրագրերի իրականացումը։
Դեսպան Ֆան Յոնգը նկատել է, որ մարզը տնտեսական մեծ ներուժ ունի և այստեղ գործող ընկերությունները կարող են չինական շուկայում իրենց ուրույն տեղը զբաղեցնել։
Քննարկվել են նաև կրթական, ինչպես նաև զբոսաշրջանությանն առնչվող մի շարք հարցեր։