Նորություններ
Բուժաշխատողները պարտադիր կհավաստագրվեն․ քննարկում Արարատի մարզպետարանում
18.07.2022
Արարատի մարզպետարանում այսօր մարզի բժշկական հաստատությունների ղեկավարների, աշխատակիցների մասնակցությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որը վարել են ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը, մարզպետարանի Առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Սուսաննա Կտրակյանն ու Առողջապահության ազգային ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Բազարչյանը։
Հանդիպման նպատակը մարզում բուժաշխատողների շարունակական մասնագիտական զարգացման /ՇՄԶ և պարտադիր հավաստագրման գործընթացի վերաբերյալ իրազեկումն էր։
Ըստ կարգի՝ բուժաշխատողները պետք է ունենան շարունակական մասնագիտական զարգացման արդյունքների գնահատման հավաստագրեր։
Հավաստագրեր ձեռք բերելու համար բուժաշխատողնեը պետք է մասնագիտական գործունեության ժամանակահատվածում հավաքեն համապատասխան կրեդիտներ և ապահովեն սահմանված այն բոլոր պահանջները, որոնց առկայության դեպքում միայն բուժաշխատողներին հնարավորություն կտրվի շարունակել իրենց մասնագիտական գործունեությունը։
Հավաստագրման կարգին կարող եք ծանոթանալ այստեղ՝ https://bit.ly/3yMGgpV։
«Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» ՀՀ օրենքով բուժաշխատողների պարտադիր հավաստագրման գործընթացի առաջին շրջափուլի համար սահմանված վերջնաժամկետը 2023թ-ի հունվարի 1-ն է։
Խորհրդակցությանը քննարկվել են առողջապահության ոլորտին վերաբերող բազմաթիվ այլ թեմաներ։