Նորություններ
Մարզպետն ու նախարարն այցելել են «Խոսրովի անտառ» պետական արգելոց
20.07.2022
Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանն ու Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանը «Խոսրովի անտառ» պետական արգելոց ՊՈԱԿ-ի աշխատակազմին են ներկայացրել կառույցի տնօրենի պաշտոնակատար Ռադիկ Օղիկյանին, ապա աշխատանքային հանդիպում անցկացրել՝ քննարկելու ընթացիկ աշխատանքներն ու գույքագրելու առկա խնդիրները։
Հանդիպմանը ներկա է եղել նաև Վեդի համայնքի ղեկավար Գարիկ Սարգսյանը:
Նախարարն ու մարզպետը շնորհավորել են Ռադիկ Օղիկյանին նշանակման կապակցությամբ և հույս հայտնել, որ նրա աշխատանքային փորձը և գիտելիքները կծառայեն արգելոցի առջև ծառացած խնդիրների արդյունավետ լուծմանը։
Ռադիկ Օղիկյանը շնորհակալություն է հայտնել վստահության համար և խոստացել իր փորձը, գիտելիքներն ու կարողությունները ծառայեցնել ոլորտում նոր ձեռքբերումներ գրանցելուն:
Հանդիպումից հետո վերջիններս շրջայց են կատարել ՊՈԱԿ-ի թանգարանում, այցելել են նաև Խոսրով տեղամասի այցելուների և տեղեկատվության կենտրոն, շրջել տարածքում, ծանոթացել իրականացվող աշխատանքներին ու պահպանման ռեժիմի առանձնահատկություններին․ քննարկվել են հրդեհաշիջման նյութերի և համապատասխան կապի միջոցների առկայության, ինչպես նաև անվտանգ էկոտուրիզմի զարգացման հետ կապված հարցեր:
Վերջիններիս այցը եզրափակել է Վեդիի ջրամբարի համար Վեդի և Խոսրով գետերի վրա կառուցված ջրընդունիչ կայաններ շրջայցով: Կառուցված ամբարտակներն արհեստականորեն խոչընդոտում են ձկների բնականոն տեղաշարժին: Տեղում քննարկվել է խնդիրը, նախարարը փաստել է, որ պետք է նոր լուծում գտնել, որը չի խոչընդոտի ձկների վերարտադրությանն ու միգրացիային։