Նորություններ
Տեղի է ունեցել մարզխորհրդի նիստ
19.08.2022
Արարատի մարզպետարանում այսօր տեղի է ունեցել մարզխորհրդի 2022 թվականի երկրորդ նիստը, որը վարել է մարզպետ Սեդրակ Թևոնյանը:
Նախքան նիստի մեկնարկը ներկաները մեկ րոպե լռությամբ հարգել են «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած ողբերգական պայթյունի հետևանքով զոհվածների հիշատակը։
Նիստին ներկա են եղել համայնքների ղեկավարները, փոխմարզպետները, մարզպետարանի ստորաբաժանումների պատասխանատուները։
Մարզպետարանի Զարգացման ծրագրերի, զբոսաշրջության և վերլուծության բաժնի պետ Վարդան Սաֆարյանը ներկայացրել է մարզի համայնքների տարածքային համաչափ զարգացման և համայնքների ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված 2022 և 2023 թվականների սուբվենցիոն ծրագրերի վերաբերյալ տեղեկատվություն։
Ըստ այդմ՝ 2022 թվականին Արարատի մարզի 5 համայնքից Կառավարության միջգերատեսչական հանձնաժողովի կողմից հավանության են արժանացել և 81 բնակավայրում իրականացվել են 19 սուբվենցիոն ծրագրեր՝ ընդհանուր 8 միլիարդ 75 միլիոն դրամ արժեքով։
19 ծրագրերով համայնքների բնակավայրերից 27–ում կիրականացվեն փողոցների ասֆալտապատման աշխատանքներ, 1–ում՝ նախադպրոցական հաստատությունների կառուցում, վերակառուցում/նորոգում, 25–ում՝ ոռոգման համակարգի կառուցում/նորոգում, 5–ում՝ հասարակական շենքերի (մշակույթի տուն, համայնքային կենտրոններ և այլն) կառուցում/վերանորոգում, 15–ում՝ բնակավայրերի գազիֆիկացում, 2–ում՝ խմելու ջրամատակարարման, ինչպես նաև ջրահեռացման համակարգի կառուցում/նորոգում, 1–ում՝ փողոցային լուսավորության համակարգի կառուցում/նորոգում, 4–ում՝ բազմաբնակարան շենքերի ընդհանուր բաժնային սեփականության գույքի նորոգում, այդ թվում՝ էներգախնայող միջոցառումների կիրառում, 1–ում՝ մեքենասարքավորումների, տեխնիկայի և գույքի ձեռքբերում։
2023 թվականին մարզի 5 համայնքներից ներկայացվել է ավելի քան 39 ծրագրային հայտ՝ շուրջ 22,9 միլիարդ դրամի, որը բացառիկ է վերջին տարիների համեմատ։
Մարզպետ Սեդրակ Թևոնյանը գոհունակություն է հայտնել սուբվենցիոն ծրագրերի թվերի հետ կապված, մարզպետարանի համապատասխան բաժնի աշխատակիցներին հանձնարարել խստագույնս հետևել իրականացվելիք ծրագրերի ողջ ընթացքին, որպեսզի պահպանվեն աշխատանքների իրականացման ժամկետներն ու որակը։
Նիստին անդրադարձ է կատարվել նաև գյուղատնտեսական պետական աջակցության ծրագրերին, խաղողի մթերման գործընթացին, համայնքներում վարձավճարների գանձմանը և բազմաթիվ այլ խնդիրներին առնչվող հարցերի:
Մարզի ղեկավարը հորդորել է աշխատել համակարգված՝ հնարավոր խնդիրներից զերծ մնալու համար։