Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Արարատի մարզպետն ընդունել է աշխարհի Մ20 տարեկանների չեմպիոնի կոչումը նվաճած ըմբիշ Վիգեն Նազարյանին

02.09.2022

Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանն այսօր ընդունել է Աշխարհի Մ20 տարեկանների չեմպիոնի կոչումը նվաճած հունահռոմեական ոճի ըմբշամարտիկ Վիգեն Նազարյանին։

Մարզպետը շնորհավորել է չեմպիոնին՝ խոստանալով իր լիազորությունների շրջանակում աջակցել մարզիկներին իրենց հետագա կարիերայում, ինչպես նաև մարզում սպորտի առավել զարգացմանը։

«Մեր յուրաքանչյուրի գործը հօգուտ Հայաստանի զարգացման է։ Ուզում եմ, որ դու, ընկերներդ երբեք չսահմանափակվեք ձեռք բերված հաջողություններով, ձեր առջև միշտ բարձր նշաձողեր սահմանեք։ Մենք էլ մեր հերթին ամեն բան պետք է անենք, որ սպորտը Հայաստանում առավել զարգացած լինի։ Շնորհավոր և շնորհակալություն մեր հայրենիքի անունը բարձր պահելու համար»,– իր խոսքում ասել է մարզի ղեկավարը։

Հիշեցնենք, որ Երիտասարդական ԱԱ-ի եզրափակչում Վիգեն Նազարյանն առավելության է հասել իրանցի Ալի Չուբանիի նկատմամբ: Գոտեմարտի ավարտից վայրկյաններ առաջ, երբ հաշիվը 1:1 էր՝ հօգուտ հայ ըմբիշի, իրանցին հնարք է կատարել՝ վաստակելով 1 միավոր: Որոշումը վիճարկել է հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականի ավագ մարզիչ Արմեն Բաբալարյանը, ինչից հետո տրված միավորը չեղարկվել է և հաղթանակը շնորհվել է Հայաստանի ներկայացուցչին:

Վիգեն Նազարյանը պայքարը սկսել էր որակավորման փուլից, որտեղ 9:0 հաշվով առավելության էր հասել ղրղզ Նարտու Աբդուրախմանովի նկատմամբ, 1/8 եզրափակչում հայ ըմբիշը 8:3 հաշվով հաղթել էր Եգիպտոսի ներկայացուցիչ Կարեմ Էլդեսուկիին։ Քառորդ եզրափակչում Նազարյանը 3:1 հաշվով առավելության էր հասել Ուկրաինայի ներկայացուցիչ Միկիտա Ալեքսեևի նկատմամբ, իսկ կիսաեզրափակչում ժամանակից շուտ հաղթել էր ղազախ ըմբիշին (9:0):

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 18:18:23