Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանի ուղերձը ՀՀ Անկախության օրվա առիթով

21.09.2022

Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանն ուղերձ է հղել ՀՀ Անկախության օրվա առիթով։

Ուղերձում ասվում է.

«Սիրելի՛ հայրենակիցներ, այսօր Հայաստանի Հանրապետության անկախության օրն է, ինչի առիթով շնորհավորում եմ բոլորիս։

Մեզ համար դժվարին են եղել ինչպես անկախության ձեռք բերման օրերը, այնպես էլ հաջորդող տարիները։ Այսօր էլ մեր պետությունը կանգնած է մարտահրավերների առաջ, Ադրբեջանի ուժերը մխրճվել են ՀՀ ինքնիշխան տարածք, սակայն մենք պաշտպանել ու պաշտպանելու ենք մեր անկախությունը, ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը:

Բոլոր դժվարությունների հաղթահարման բանալին բացառապես մեր ձեռքերում է, մեր միասնականության մեջ։

31 տարի առաջ էլ մեզ ոչ ոք չնվիրեց անկախություն, մենք ինքներս ձգտեցինք, պայքարեցինք ու ստացանք այն։ Ինչ որ կարողանալու ենք ձեռք բերել, կրկին լինելու է մեր շնորհիվ՝ մեր համախմբվածության, մեր միասնական ջանքի, մեր ամենօրյա աշխատանքի, միմյանց հանդեպ սիրո ու հանդուրժողականության արդյունքում։

Սպարապետ Վազգեն Սարգսյանն ասում էր․ «Անկախությունը բացարձակ արժեք է։ Անգամ այս ծանր փորձությունների գնով, անգամ այս ծանր կենցաղի գնով Անկախությունը քննարկման կարիք չունի։ Դա մարդու շնչելու, մարդու ապրելու, ծնվելու, սիրելու պես բան է։ Այդ ամեն ինչի հավաքականություն է Անկախությունը...»։

Հայրենիքն ու դրա սահմանները պետք է սիրել ոչ միայն դժվարին օրերին, այլ ամեն օր։ Չխնայենք ոչինչ հանուն մեր երկրի, գործի վերածենք մեր խոսքը, կյանքի կոչենք նոր գաղափարներ՝ ի շահ մեր Հայաստանի ապագայի։
Մենք տարբեր ենք մեր առօրյայով, մեր գաղափարներով, բայց պետք է լինենք կուռ ու միասնական, երբ խոսքը վերաբերում է մեզ բոլորիս համար բարձրագույն արժեքին՝ Հայրենիքի անկախությանը։

Փառք ու պատիվ հանուն Հայրենիքի ընկածներին։ Միշտ ու այսօր էլ ՀՀ անվտանգության ու անկախության առաջին երաշխավորը սահմանին կանգնած զինվորն է։ Խոնարհվում եմ ձեր առաջ, տղերք։

Կեցցե՛ անկախ Հայաստանի Հանրապետությունը:

Աստված պահապան մեզ ու մեր Հայրենիքին»։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 15:46:18