Նորություններ
Սեդրակ Թևոնյանը շրջայց է կատարել Արարատ համայնքում
17.10.2022
Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանը փոխմարզպետ Արտավազդ Նազարեթյանի և Արարատ համայնքի ղեկավար Ասլան Ավետիսյանի ուղեկցությամբ շրջայց է կատարել Արարատ համայնքի բնակավայրերում, ծանոթացել 2022 թվականի սուբվենցիոն ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքների ընթացքին։
Մարզպետի առաջին կանգառը եղել է Ավշար բնակավայրում, ուր սուբվենցիոն ծրագրով կառուցվում է մանկապարտեզ։
Մանկապարտեզի 1–ին և 2–րդ մասնաշենքերի կառուցման աշխատանքները սկսվել էին 2021 թվականին (համայնքային բյուջեով), իսկ սուբվենցիոն ծրագրով կառուցվում են շենքի 3–րդ և 4–րդ մասնաշենքերը, ապաստարանը, բարեկարգվում է հարակից տարածքը։
Ծրագրի արժեքը կազմում է շուրջ 246 միլիոն դրամ՝ պետություն–համայնք 70%-30% համաֆինանսավորմամբ։
Բնակավայրում երբևէ մանկապարտեզ չի գործել, երեխաները հաճախում են հարակից գյուղերի մանկապարտեզներ։
Մարզպետին զեկուցվել է, որ շինարարական աշխատանքները նախատեսում են ավարտել 2023 թվականին, իսկ համայնքը հաջորդ տարվա սուբվենցիոն ծրագրով նախատեսում է մանկապարտեզի համար ձեռք բերել գույք։
Ավշար համայնքում մարզի ղեկավարը հետևել է նաև ոռոգման ջրագծի կառուցման աշխատանքներին։ Նշենք, որ Կառավարության սուբվենցիոն ծրագրի շրջանակներում ոռոգման ներտնտեսային ցանց է կառուցվում նաև համայնքի Արարատ, Արմաշ, Զանգակատուն և Պարույր Սևակ բնակավայրերում՝ ընդհանուր 10 կմ երկարությամբ։
Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է շուրջ 252 միլիոն դրամ։ Շինարարական աշխատանքները բոլոր բնակավայրում այս պահին ակտիվ փուլում են։
Համայնքի Սուրենավանան, Զանգակատուն, Պարույր Սևակ, Արարատ (քաղաք) բնակավայրերում էլ ավելի քան 272 միլիոն դրամի ասֆալտապատման աշխատանքներ են ընթանում։ Ներհամայնքային փողոցների կեսը կբարեկարգվեն այս տարի, մյուս կեսը՝ հաջորդ։
Ակտիվ շինարարական աշխատանքներ են ընթանում նաև Արարատ քաղաքի մշակույթի տանը։ Վերանորոգվում է շենքը, բարեկարգվում է կրթօջախի հարակից տարածքը։ Ծրագրի ընդհանուր արժեքը 94,5 միլիոն դրամ է։
Մարզպետ Սեդրակ Թևոնյանը շրջայցի ընթացքում հորդորել է շինարարական աշխատանքները կատարել օրենքով սահմանված կարգով, ավարտին հասցել նախատեսված ժամկետներում։ Վերջինս ևս մեկ անգամ շեշտել է, որ աշխատանքների ամբողջ ընթացքն իր և մարզպետարանի պատասխանատու աշխատակիցների ուշադրության կենտրոնում է։