Նորություններ
Արարատի մարզպետն այցելել է մարզում նորաբաց Հեմոդիալիզի կենտրոն
23.12.2022
Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանը փոխմարզպետ Վլադիմիր Խաչատրյանի, մարզպետարանի Առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Սուսաննա Կտրակյանի և Արտաշատ ԲԿ–ի տնօրեն Հայկ Համբարձումյանի ուղեկցությամբ այցելել է Արտաշատում նորաբաց Հեմոդիալիզի կենտրոն։
Մարզպետ Սեդրակ Թևոնյանը հետաքրքվել է պացիենտների առողջական վիճակով և բուժկենտրոնի հագեցվածությամբ։
Նշենք, որ այն մարզում հեմոդիալիզային բուժում իրականացնող առաջին կենտրոնն է, բացվել է «Պրոֆտեստ» ՍՊԸ-ի կողմից և արդեն դեկտեմբերի 15-ից սպասարկում է այցելուներին:
«Պրոֆտեստի» բուժական գծով փոխտնօրեն, բժիշկ Արման Մարգարյանը մարզպետին ներկայացրել է, որ կենտրոնը վերազինված է ժամանակակից բարձրակարգ սարքերով, որոնք հնարավորություն են տալիս իրականացնել միջազգային չափանիշներին համապատասխան հեմոդիալիզային բուժում:
Կենտրոնն առայժմ նախատեսված է 60 հիվանդի համար, այն կծառայի ինչպես Արարատի, այնպես էլ հանրապետության մյուս տարածաշրջանների ազգաբնակչությանը։
Տնօրենը նշել է նաև, որ կենտրոնն այս պահին կարիք ունի մասնագետների, որոնց մասնագիտական վերապատրաստումը կհոգան այստեղ:
Նշենք, որ ՀՀ–ում դիալիզի բուժումը կատարվում է պետպատվերի շրջանակներում, իսկ դիալիզի կարիք ունեցող օտարերկրյա քաղաքացիները և զբոսաշրջիկները կարող են օգտվել կենտրոնի դիալիզի վճարովի ծառայություններից: