Նորություններ
Առողջապահության նախարարն այցելել է Արարատի մարզ
27.01.2023
Արարատի մարզում առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը մարզպետ Սեդրակ Թևոնյանի և մարզի առողջապահական կազմակերպությունների ղեկավարների հետ աշխատանքային խորհրդակցություն է ունեցել:
Ներկայացվել է բարեփոխումների այն փաթեթը, որն առողջապահության նախարարությունը իրականացնելու է: Բժշկական կենտրոնները ներկայացրել են իրենց կատարողականները, առկա խնդիրները:
Նախարարը նշել է, որ բարեփոխումների շրջանակներում արվում է ամեն բան, որպեսզի համակարգը պատրաստ լինի առողջապահական համապարփակ ապահովագրության ներդրմանը: Ապահովագրությունից բացի, քննարկվել են նաև առաջնային օղակի բարելավման ծրագրերը, որի արդյունքում կունենանք վերազինված, վերապատրաստված մասնագետներով ԱԱՊ օղակ` բարձրորակ թերապևտիկ ծառայություններով, և կկրճատվեն ստացիոնարների անհարկի ուղղորդումները:
Ի դեպ, կապիտալ վերանորոգումների ծրագրի շրջանակներում այս տարի Արարատի մարզում 4 առողջության կենտրոն է վերանորոգվելու և վերազինվելու. ծրագրի շրջանակներում ներառված են նաև մի շարք բժշկական կենտրոններ:
Խորհրդակցության վերջում նախարարը նշել է, որ առաջին օղակի աշխատավարձերի վճարման նոր բոնուսային համակարգի անցման համար ամբուլատորիաների ղեկավարների հետ առցանց քննարկումներ կկազմակերպվեն:
Մարզ կատարած այցի շրջանակներում նախարարն ու մարզպետը շրջայց են կատարել նաև Արմաշի հոգեկան առողջության կենտրոնում։ Նախարարն արձանագրել է, որ կենտրոնում անձանց պահման և առողջության իրավունքների ապահովման պայմանները բավարար չեն:
Նախարար Անահիտ Ավանեսյանը նշել է, որ Արարատի մարզպետարանի գործընկերների հետ կկազմվի աշխատանքային ծրագիր` առողջության կենտրոնի հետագա կարգավիճակը հստակեցնելու նպատակով: Այս կենտրոնում գտնվում են հիմնականում խնամքի կարիք ունեցող անձինք:
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը քանիցս ընդգծել է բուժական և խնամքի ծառայություններն առանձնացնելու նպատակահարմարության մասին` ի նպաստ կենտրոններում գտնվող անձանց: