Նորություններ
Մարզում տոնել են Քաղաքացու օրը
29.04.2023
2019 թվականից ապրիլի վերջին շաբաթ օրը նշվում է որպես ՀՀ քաղաքացու օր։
Քաղաքացու օրը քաղաքացիական երկխոսության օր է, երբ տարբեր սերունդներ մեկտեղվում են՝ հանրությանը հուզող հարցերը քննարկելու, քաղաքացիների և պետության անելիքները վերհանելու և կանխորոշելու համար։
Օրվան նվիրված այսօր մարզի համայնքներում միջոցառումներ են անցկացվել։
Արտաշատ համայնքում քաղաքացիները հյուրընկալել էին ՀՀ «Մշակութային կրթության աջակցության հիմնադրամի» տնօրեն Նելլի Սարգսյանին։ Համայնքապետարանը հանդիպում-քննարկում էր կազմակերպել նաև համայնքի ղեկավար Կառլեն Մկրտչյանի հետ։
Արարատում երիտասարդները հանդիպում են ունեցել Երևանի կինոյի և թատրոնի ինստիտուտի ռեկտոր, մշակութաբան, սցենարիստ Սառա Նալբանդյանի հետ, Մասիսում՝ դերասան Հարություն Մովսիսյանի հետ, Վեդիում՝ ազատոճային ըմբիշ, Եվրոպայի եռակի չեմպիոն Արսեն Հարությունյանի հետ։
Միջոցառումները բաղկացած են եղել 2 մասից՝ բանախոսություն և մշակութային միջոցառում: Բանախոսություններին մասնակցել են 14-21 տարեկան պատանիներ և երիտասարդներ, որոնք հնարավորություն են ունեցել լսելու հրավիրված մարդկանց՝ քաղաքացու ակտիվ դիրքորոշման, պետության զարգացման տեսլականի, երկրի զարգացման հարցում սեփական դերակատարումը գիտակցելու թեմաներով, ծավալվել են նաև հետաքրքիր քննարկումներ, հարց ու պատասխան: