Նորություններ
Արարատի մարզում անցկացվել է համապետական շաբաթօրյակ
29.04.2023
Արարատի մարզում ապրիլի 29–ին կայացած համապետական շաբաթօրյակի շրջանակներում անցկացվել են մաքրման աշխատանքներ։
Շաբաթօրյակին մասնակցել են մարզի բոլոր համայնքները, մարզային ենթակայության ուսումնական և առողջապահական, համայնքային ենթակայության կազմակերպությունները, մասնավոր ընկերություններն ու կազմակերպությունները:
Ընդհանուր առմամբ՝ մաքրման աշխատանքներին մասնակցել է 7430 մարդ, ներգրավված է եղել 88 տեխնիկա, 1110 գործիք։ Համապետական շաբաթօրյակի արդյունքում մարզում փակվել է 2 աղբանոց՝ Վեդի համայնքի Ուրցաձոր և Եղեգնավան բնակավայրերում։ Աղբակույտերից մաքրվել են Վերին Դվին համայնքի կենտրոնական ճանապարհին կից ոռոգման առուն, Արարատ քաղաքի կենտրոնի ջրավազանը, Արարատ բնակավայրի զբոսայգու ջրավազանը, Վեդու քաղաքային բնակավայրի Վանաշեն բնակավայրի ջրատար առուները, Մասիս քաղաքի և Այնթապ բնակավայրի ոռոգման առուները։
Աղբից մաքրվել են նաև մարզում գտնվող պատմամշակութային հուշարձանները, հատուկ պահպանվող տարածքները։