Նորություններ
Կայացել է մարզխորհրդի 2023 թվականի առաջին նիստը
12.05.2023
Արարատի մարզպետի աշխատակազմում այսօր տեղի է ունեցել մարզխորհրդի 2023 թվականի առաջին նիստը, որը վարել է մարզպետ Սեդրակ Թևոնյանը:
Նիստին ներկա են եղել համայնքների ղեկավարները, փոխմարզպետները, մարզպետարանի ստորաբաժանումների պատասխանատուներն ու ՋՕԸ-երի ղեկավարները։
Ողջունելով ներկաներին՝ մարզպետը համոզմունք է հայտնել, որ համատեղ աշխատանքի արդյունքը լինելու է առաջընթացը։
Հարակից զեկույցներով հանդես են եկել ՏԻ և ՀԳՄ հարցերով վարչության պետ Հովհաննես Ուրֆալյանը, Գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Հայկազ Տերտերյանը, Ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Լեռնիկ Խաչատրյանն ու Զարգացման ծրագրերի, զբոսաշրջության և վերլուծության բաժնի պետ Վարդան Սաֆարյանը։
Զարգացման ծրագրերի, զբոսաշրջության և վերլուծության բաժնի պետ Վարդան Սաֆարյանի ներկայացմամբ՝ 2022 թվականին համայնքների տնտեսական և ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրերի մեծ մասն ավարտված է, որոշները դեռևս ընթացքի մեջ են։
2023 թվականին մարզի 5 համայնքներից սուբվենցիա ստանալու համար Կառավարությանն է ներկայացվել 33 ծրագրային հայտ, որոնց նախնական արժեքը 20,4 միլիարդ դրամ է։
Սեդրակ Թևոնյանը մարզպետարանի պատասխանատու պաշտոնյաներին հանձնարարել է ամենօրյա ուշադրության կենտրոնում պահել իրականացվող շինարարական աշխատանքները և ամենայն խստությամբ հետևել, որպեսզի ամեն ինչ իրականացվի շինարարական նորմերին համապատասխան։ Մարզպետը հանձնարարել է նաև սահմանված վերջնաժամկետում Կառավարություն ուղարկել 2024 թվականին նախատեսվող սուբվենցիոն ծրագրերի փաթեթները։
Ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Լեռնիկ Խաչատրյանի ներկայացմամբ՝ սեփական եկամուտները նախատեսված 5 միլիարդ 338․1 միլիոն դրամի դիմաց փաստացի մուտքերը կազմել են 1 միլիարդ 124․6 միլիոն դրամ, սեփական եկամուտները կատարվել են 21․1 %–ով։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատ մուտքերը ավել են կատարվել 460․4 միլիոն դրամով։
Անդրադարձ է կատարվել նաև գյուղատնտեսական պետական աջակցության ծրագրերին և ոռոգման խնդիրներին, վարձավճարների գանձմանն ու բազմաթիվ այլ խնդիրներին առնչվող հարցերի:
Մարզի ղեկավարը հորդորել է աշխատել համակարգված՝ հնարավոր խնդիրներից զերծ մնալու համար։