Նորություններ
Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանի շնորհավորական ուղերձը Հանրապետության տոնի առթիվ
29.05.2023
Սիրելի՛ հայրենակիցներ,
Այսօր նշում ենք Հանրապետության տոնը՝ Հայաստանի առաջին հանրապետության հիմնադրման օրը, ինչի առիթով շնորհավորում եմ բոլորիս։
Առաջին հանրապետությունը ստեղծվեց միջազգային բարդ իրադարձություններում։ Օրհասական պայմաններում, բայց անկախ ու ազատ պետություն ունենալու հաստատակամությամբ թուրք նվաճողների դեմ Սարդարապատի, Բաշ Ապարանի և Ղարաքիլիսիայի հերոսամարտերից հետո 1918թ. մայիսի 28-ին հռչակվեց Հայաստանի անկախությունը:
Մենք ապացուցեցինք, որ ձգտումները, երազանքները կարող են իրականություն դառնալ։ Մենք իրականացրեցինք Անկախ Հայաստան ունենալու մեր երազանքը։
Այս անկախության համար մենք առաջին հերթին պարտավոր ենք մեր հազարավոր այն քաջորդիներին, ովքեր անձնվիրաբար մարտնչել են հանուն մեր բոլորի Հայաստանի, հանուն այսօրվա և վաղվա օրվա գոյության։
Հավե՛րժ փառք ու պատիվ բոլոր հերոսներին։
Սիրելի’ հայրենակիցներ, միասնական Հայրենիք ունենալու գաղափարը մեզ փոխանցվում է սերնդից սերունդ: Այսօր էլ լինենք միասնական, հաղթահարենք բաժին հասած դժվարությունները, քայլենք անկախության ուղեգծով, ստեղծենք մեր զարգացած ու ուժեղ հայրենիքը։
Շնորհավոր Մայիսի 28։