Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Մեկնարկել է բնակապահովման ծրագրի 4–րդ փուլը․ մարզից 35 շահառու ընտանիք ստացել է բնակարանի գնման վկայագիր

23.06.2023

Արարատի մարզում այսօր մեկնարկել է 1988-1992 թթ. Ադրբեջանից բռնագաղթած և ժամանակավոր կացարաններում բնակվող անձանց բնակարանային ապահովման ծրագրի չորրորդ փուլը:

Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանն ու ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանն Արտաշատում 35 շահառու ընտանիքների հանձնեցին բնակարանի գնման վկայագրեր:

Ադրբեջանից բռնագաղթած և այս ընթացքում Հայաստանում ժամանակավոր կացարաններում բնակվող փախստական ընտանիքների համար բնակապահովման ծրագիրը գործում է 2019 թ.ից։

Նախնական ուսումնասիրությունների արդյունքում Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը ծրագրի մասին ծանուցել է 194 հավակնորդ շահառուների, որոնցից 161-ը ծրագրին մասնակցելու համար դիմում են ներկայացրել: Միջգերատեսչական հանձնաժողովը պարբերաբար նիստեր է գումարում՝ քննելու ներկայացված դիմումները և դիմումատուի փաթեթի համապատասխանությունը ծրագրի չափորոշիչներին: Դրական եզրակացություն ստանալու պարագայում շահառուն ստանում է բնակարանի գնման վկայագիր՝ մեկ տարի գործողության ժամկետով:

Ըստ շահառու ընտանիքի անդամների թվի՝ հատկացվում է համապատասխան քանակի սենյակներով բնակարանի գնման վկայագիր: Բնակարանի գնման վկայագրերի արժեքը հաշվարկվել է Կադաստրի կոմիտեի կողմից հրապարակված անշարժ գույքի շուկայի 2022 թվականի առաջին կիսամյակի ընթացքում տվյալ համայնքի քաղաքային բնակավայրերում ձևավորված բազմաբնակարան շենքերի բնակարանների շուկայական միջինացված գներով:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 18:19:20