Նորություններ
Խորհրդակցություն՝ ուսումնական տարվա մեկնարկին ընդառաջ
26.06.2023
2023-2024 ուսումնական տարվա մեկնարկին ընդառաջ Արարատի մարզպետարանում մարզի հանրակրթական դպրոցների տնօրենների մասնակցությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն։
Խորհրդակցությանը ներկա են գտնվել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, Արարատի մարզպետի տեղակալ Արտավազդ Նազարեթյանը, մարզպետարանի գլխավոր քարտուղար Արթուր Մկրտչյանը, ԿԳՄՍ նախարարության այլ ներկայացուցիչներ, մարզպետարանի պատասխանատու աշխատակիցներ։
Խորհրդակցության ընթացքում քննարկվել են հանրակրթական դպրոցներում կրթության կազմակերպման, կառավարման և ֆինանասավորման ոլորտներին առնչվող բազմապիսի հարցեր:
Խոսելով հանրակրթական դպրոցների կառավարման նոր համակարգի մասին՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը մանրամասնել է նախընթաց ուսումնական տարում կատարվելիք փոփոխությունները:
Հանրակրթության մասին օրենքի նոր նախագծի հաստատման դեպքում դպրոցներում կրթության որակի և բովանդակության կառավարումը առանձնացվելու է վարչատնտեսական մասից: Ուղղակիորեն կրթական գործընթացի հետ կապ չունեցող գործառույթները իրականացվելու են պատվիրակված ծառայությունների միջոցով: Այսպիսի ծառայությունների շարքում են հաշվապահական հաշվառումը և գնումների գործընթացը, անվտանգությունն ու տեխնիկական սպասարկումը, սննդի և մաքրության կազմակերպումը:
ԿԳՄՍ նախարարի տեղակալը հատուկ ուշադրություն է հրավիրել դպրոցների տնօրենների կողմից ներկայացվող զարգացման ծրագրերին, դրանց՝ սահմանված ձևաչափին համապաստասխանության հարցին:
Անդրադառնալով ուսուցիչների կամավոր ատեստավորման գործընթացի հետ կապված խնդիրներին՝ Սվաջյանը նշել է, որ այս տարվա ընթացքում կամավոր ատեստավորում իրականացվելու է բոլոր առարկաներից: Դասվարների ատեստավորման նոր ուղեցույցով շեշտը դրված է լինելու կիրառված մեթոդիկայի վրա: Անցյալ տարվա ընթացքում կամավոր ատեստավորման ոչ դրական արդյունք գրանցած ուսուցիչներին հնարավորություն կտրվի մասնակցել վերապատրաստման դասընթացների, որոնք ֆինանսավորվում են նախարարության կողմից: Ինչ վերաբերում է միջին մասնագիտական կրթությամբ ուսուցիչներին, ապա նրանք կարող են շարունակել իրենց աշխատանքը կամավոր ատեստավորում անցնելուց հետո:
Խորհրդակցության ընթացքում քննարկվել են նաև մարզում նախատեսվող դպրոցների և մանկապարտեզների հիմնանորոգման և վերահիմնանորոգման ծրագրերը, հանրակրթության ֆինանսավորման նոր կարգի որոշ մանրամասներ և մի շարք այլ հարցեր։
Խորհրդակցությունը եզրափակվել է հարց ու պատասխանով։