Նորություններ
Արարատի մարզի դպրոցներին կտրամադրվեն բնագիտական լաբորատորիաներ
27.07.2023
Կառավարության այսօրվա նիստում գործադիրը հավանության է արժանացրել Հայաստանի Հանրապետության և Եվրոպական հանձնաժողովի միջև «Հայաստանում ԵՄ աջակցությունը կրթությանը» ֆինանսավորման համաձայնագրի ստորագրման առաջարկությանը:
Հարցը զեկուցել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը՝ ընդգծելով, որ ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 32 մլն եվրո: Այդ գումարից 29.3 մլն եվրոն նախատեսվում է Հայաստանին տրամադրել դրամաշնորհային հիմունքներով՝ որպես բյուջետային աջակցություն: Ծրագրի իրականացմանն օժանդակելու նպատակով կտրամադրվի լրացուցիչ տեխնիկական աջակցություն՝ ևս 2.7 մլն եվրո: Ծրագրի հիմնական նպատակն է՝ աջակցել կրթության ոլորտում իրականացվող բարեփոխումներին 2 հիմնական ուղղություններով:
Ժաննա Անդրեասյանը զեկուցել է այս ծրագրով նախատեսվում է Արարատի, Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի բոլոր դպրոցներում հիմնել լաբորատորիաներ՝ ֆիզիկայի, քիմիայի, կենսաբանության, աշխարհագրության և տեղեկատվական տեխնոլոգիաների ուղղությամբ։ Այդ դպրոցների ուսուցիչները կվերապատրաստվեն լաբորատորիաների գործարկման և լաբորատոր սարքերի օգտագործման ուղղություններով, ինչպես նաև հատուկ վերապատրաստումներ կստանան բնագիտական առարկաները նոր մեթոդներով դասավանդելու ուղղությամբ, ինչը հանրակրթության նոր չափորոշչի ներդրման շրջանակում է:
Վարչապետը կարևորել է ծրագիրն ու հետաքրքրվել նաև ՀՀ դպրոցներում տեղադրվող լաբորատորիաների ստանդարտներով՝ արդյոք դրանք համապատասխանո՞ւմ են եվրոպական դպրոցների ստանդարտներին: Ի պատասխան՝ նախարարը հավաստիացրել է, որ դրանք բավականին բարձրորակ են և չեն զիջում եվրոպական դպրոցներում առկա լաբորատորիաներին:
Ժաննա Անդրեասյանը տեղեկացրել է, որ վերանայվել է լաբորանտների աշխատանքի նկարագիրը և հստակեցվել բոլոր դպրոցներում այդ հաստիքի անհրաժեշտության հարցը: Նախարարը կարևորել է նաև սարքավորումների պատշաճ օգտագործման անհրաժեշտությունը։